Yerevan – Davit Gasparian and „Armenian Literature” Magazine: The Book of Whispers is unique, like a miracle!

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ` ԸՍՏ ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՏԱՐԲԵՐԱԿԻ

(Վարուժան Ոսկանյան,  «Շշուկների մատյան» Ե., 2014, «Անտարես», 492 էջ)

 

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Հայ գրականության գլխավոր հերոսը Հայաստանն է, և դա` ոչ միայն հայագիր, այլև օտարագիր հայ գրողների ստեղծագործության մեջ։ Ահա հերթական հրաշքը` ռումինագիր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը: Լինելով հեղինակազորված որակյալ թարգմանություն (թարգմանիչ` Սարգիս Սելյան, խմբագիրներ` Վառլեն Ալեքսանյան, Համլետ Գասպարյան)` վեպը հավասարապես ունի բնագրային նշանակություն։ Սա մի գիրք է, որ իր մեջ կրում է 20-րդ դարի հայ վիպագրության առանցքային ավանդույթը` ձևավորված Չարենցի «Երկիր Նայիրի», Շահնուրի «Նահանջը առանց երգի», Բակունցի «Կյորես», Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Արմենի «Հեղնար աղբյուր», Մահարու «Այրվող այգեստաններ» երկերում։ Այս ավանդույթը կենսաբանորեն ձևավորեցին նաև օտարագիրները` Վիլյամ Սարոյանը, Լևոն-Զավեն Սյուրմելյանը, Մայքլ Արլեն Կրտսերը, Դավիթ Խրդյանը, Փիթեր Սուրյանը, Փիթեր Նաջարյանը, Փիթեր Բալաքյանը, Նենսի Գրիգորյանը, Մարսելա Փոլեյնը (Վարտեվարյան) և ուրիշներ։

Եվ ահա Վարուժան Ոսկանյանի այս գիրքը, որ Բուխարեստում ռումիներեն լույս է տեսել 2009-ին, արժանացել է լուրջ ընդունելության և թարգմանվել երկու տասնյակ լե-զուներով։

Հեղինակը ծնվել է 1958 թ., Ռումինիայի Ֆոկշան քաղաքում, տարագիր հայի ընտանիքում։ Հայտնի դեմք է Ռումինիայում։ Ողջունել է Ռումինիայի ազատագրումը խորհրդային գերիշխանությունից, եղել է Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր, նախարար։ Ներկայումս սենատոր է, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ և Ռումինիայի Հայոց միության նախագահը։ Բազմիցս եղել է հայրենիքում։ Հեղինակ է բանաստեղծությունների երեք ժողովածուների՝ «Կապույտ Շամանը» (1994), «Թագուհու սպիտակ աչքը» (2001), «Հազարաթև Հիսուսը» (2005), ինչպես նաև պատմվածքների 2 հավաքածուների` «Կոմանդոսի արձանը» (1994), «Հարյուր տերևների խաղը և այլ պատմվածքներ» (2013), ստացել է տարբեր մրցանակներ, իսկ «Շշուկների մատյանը» 2013-2014-2015-ին Ռումինիայի, Իսրայելի և Հայաստանի գրողների միության կողմից ներկայացվել է Նոբելյանի։

Իսկ ինչո՞ւ` «Շուկների մատյան», որովհետև բռնատիրական երկրում բոլոր կարևոր բաներն ասվում էին կիսաձայն, շշուկով, ծածուկ, քանի որ ամեն ինչ պետք է մնար գաղտնի ու չբացահայտվեր։ Ամբողջ գիրքն այս հարցի պատասխանն է։

Բառային կառուցվածքով հեղինակը վեպի վերնագիրը զուգահեռում է Նարեկացու «Մատյան ողբերգության» հետ։ Երկուսն էլ մատյան են, այսինքն` գիրք, ուրեմն նաև` «Գիրք ճանապարհի», «Գիրք մնացորդաց», «Մշո ճառընտիր», ի վերջո` Բիբլիա։

Հաջորդում են բացահայտող և լրացնող տողեր. «Մանկությանս տարիներին շշուկների աշխարհում ապրեցի», «Շշուկների մատյանում կգտնեք տարբեր տեսակի անձանց` անանուն և, հավանաբար, գործող անձինք, ոմանք անցնում են անանուն ու անդեմ», «Անսպասելի բաների մասին խոսքը նման է շշուկների մատյանը գրելուն», «Շշուկների մատյանը մի պատմություն է, որը ոչ ոք լիովին չի պատմում, կարծես ամեն մեկը վախենում էր ամբողջովին հասկանալ` այդպիսով փորձելով փրկել իր իմաստազուրկ կյանքը»։

Սա խորհրդային ժամանակների, առավելապես ստալինյան տասնամյակների դառը իրականությունն է, որ Համո Սահյանը ձևակերպել է այսպես. «Լրտես էր դառնում տանս գերանը», Պավլիկ Մորոզովների պես որդիները մատնում էին հայրերին, հարևանը` հարևանին, ուստի մարդիկ թաքցնում էին իրենց մտքերը և միայն վստահելի միջավայրում խոսում շշուկով, գաղտնագրերով, հիմնական անունները չտալով, ակնարկներով։ Այսպիսի գաղտնագրություններով է լեցուն ամբողջ 1920-1960-ական թթ. հայ գրականությունը, հատկապես` պոեզիան։ Նույնը` խորհրդային, Երկրորդ համաշխարհայինից հետո` սոցիալիստական համագործակցության երկրների ամբողջ գրականությունը։ Ահա երկու խորհրդանշական անուն` Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն և հետագա շրջանի անտիպ ժառանգությունը և Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպը։

«Շշուկների մատյանը» վեպի գլխավոր հերոսներն են Հայոց Պատմությունը և Հիշողությունը, այլ կերպ` պատմական հիշողությունը, որի կրողը հեղինակի պապն է` Կարապետ Ոսկանյանը, և պապի սերդնակիցներն են։ Հիշողության կենտրոնում 1915 թվականն է ու «Նեմեսիս» ծարգիրը, որի գործողության մասնակիցներից մեկը ևս այս վեպի հերոսներից է` պապի ընկերը։

Ազգային ցավն ամենուր նույնն է` թե՛ նրանց համար, ովքեր 1915-ից հետո հան-գրվանեցին Հայաստանի պահպանված տարածքներում և թե՛ նրանց, ովքեր ստիպված դարձան սփյուռքահայ։ Վարուժան Ոսկանյանն այդ ազգային ցավի տերն է և ոչ թե դասալիք։ Դասալիքներն ուծանում են, փոխում ազգությունն ու վերանում, հայոց ոգու կրողները դիմակայում` լեզվի կորուստին փոխարինում է թանձր հիշողությունը։

Տեսադաշտում 20-րդ դարն է` հայերի նոր հոսքով։ Հեղինակը չի խորանում ռու-մինահայության պատմության մեջ, ներկայիս ռումինահայերի նախնիներն Անի մայրաքաղաքից էին, որոնց մի մասին 18-րդ դարում պարտադրվեց կաթոլիկություն, որով ձուլվեցին կամ հեռացան հայությունից։ Նոր հայերը եղեռնից փախած արևմտահայեր են, որոնց` շշուկներով փոխանցված հիշողությունը, ահա, ամբարված է այս գրքի մեջ։

«Շշուկների մատյան»-ը կառուցվածքով բարդ, համապատկերային վեպ է։ Կեր-պարները հաջորդում են իրար, լրացնում մեկը մյուսին ու շարունակում, հերթով կանգնում կողք կողքի` ստեղծելով համահավաք մի խմբանկար, որ հենց այդ պատմության և հիշողության կոթողն է։

Մի տեղ վեպի այսպիսի բնութագրություն է տալիս. «Շշուկների մատյանը վերածվում է աստիճանական մի իրականության, որ բազմապատկվում է ինքնին, ինչպես դեմ դիմաց դրված երկու հայելի», այսինքն` անդրադարձներ ժամանակի (օրվա, պատմության) տարբեր բեկումներով, որ մարմնավորում են հիշողությունը։  Առանցքային ուղղագիծ դիպաշար գոյություն չունի, կան իրար լրացնող գործողություններ, իրար փոխարինող անուններ, որոնք շշուկներից վերականգնում, չվերականգնվածը գաղտնազերծում, նախադրյալները ներկայացանում և պատմում է հեղինակը։ Այստեղից իրեն վերապահած դերը` պատմիչ։

Այո՛, հեղինակը պատմում է` մնալով արձակի ավանդական ձևի մեջ, բայց փոխում է համակարգը` ստեղծելով պատմության շերտեր, որոնք և՛ հորիզոնական հարթությամբ դասավորվում են իրար վրա, և՛ ուղղահայաց զարգացումով անցնում մեկը մյուսի միջով։

Իր` Գրողի կերպարը կա որպես ժամանակների կապը շղթայող հիշողություն` ի՞նչ լսեց, լսածն ինչպե՞ս մտապահեց, ի՞նչ փրկեց և ի՞նչ փոխանցեց։ Այս է իրեն վերապահված տեղն ու դերը` որպես ազգային խոր ավանդույթների կրող և փոխանցող։

Ինքն իր մանկության տարիների վերապրումների մեջ է, որոնք գունավորում և կերպավորում են նրա հիշողությունը։ Կառուցվածքը` 12 գլուխ, ինչը ևս խորհրդանշական է` 12 վիլայեթների, 12 առաքյալների մտաբերումով։

Վեպի կենտրոնում հայերի նոր բնակավայր դարձած ռումինական Ֆոկշան քաղաքն է, պապը, ինքը և պապի շուրջ հավաքված ազգային դեմքերը։ Ժամանակը` 1915-1945, անդրադարձներով` մինչև վեպի գրության ավարտը։ 1945-ը Ռումինիան խորհրդային ենթակայության ենթարկվելու տարին է` քաղաքի անվանափոխված «1945-ի մարտի 6-ի» փողոցով։

Ավանդույթի, անցյալի արժեքների հանդեպ հաստատուն մի դրվածք կա վեպի գաղափարական հիմքում, որ պայմանավորում է այսպիսի համեմատության ծնունդը. «Արյունն ավելի դանդաղ է հոսում, քան ժամանակը։ Ահա թե ինչու սովորությունները դժվար են փոխվում»։ Մանկության հիշողությունների մեջ ամեն ինչ է` քաղաքը, թաղը, յուրայինները, մանկության հուշերն ու համերը, կերակուրները։

Համաշխարհային գրականությունը հարուստ է մանկության տարիների հիշո-ղություններով։ Բայց այստեղ երանգն այլ է։ Վտարանդի հայությունն ամեն ինչի մեջ իր հայրենիքի հիշատակներն է որոնում։ Այդ հիշողությամբ հասնում է նուրբ թափանցումների` փոխանցելով անգամ «քունջուպուճախների» հոտերը, գրքերի հոտերը, սուրճի բուրմունքը, որի մեկ գավաթի շուրջ անցկացրած պահերը ծիսական արարողության էին վերածվել։ Այսպես նա ետադարձ հիշողությամբ մոտ է բերում մի ամբողջ հեռացող աշխարհ, և մարդիկ սկսում են խոսել իրենց արյան հետ, որովհետև արյունն ունի ձայն և հիշողություն։

Ֆոկշանում հայերն ունեին իրենց գերեզմանոցը, ընտանիքներն` իրենց հին նկարների հավաքածուները, պատմական քարտեզներ, հին երկրից բերած բազմաթիվ պատմություններ, 1915 թ. ընտանիք-գերդաստանների լուսանկարներ` նահապետական տոհմերի խմբանկարներ, որոնցից փրկվեցին հատուկենտները։ Միասին մնալու միակ տարբերակը մնացին լուսանկարները։

Ուրվագծվում է Ոսկանյան գերդաստանի տոհմածառը` Խաչատուր-Գևորգ-Կա-րապետ-Պերճ-Վարուժան (ինքը` հեղինակը, եղբայրը` Մելիք)-Արմինե։

Մոր կողմը պարսկահայեր են` Մելիքյաններ, որ վերաբնակվել են Ղարաբաղում, ապա` Կարինում։ Մորական պապը` Սեդրակ, տատը` Արշալույս, մայրը` Հեղինե։ Տոհմաբանությունը խորանում է 300 տարի։ Տոհմածառին հաճախակի է անդրադառնոում և նոր մտաբերումներով լրացումներ ու ճշգրտումներ անում։ Սա այս գրքի «Ծննդոց» գլուխն է` ով ում սերեց և որտեղ եկավ հասավ։ Ամեն ինչ պահպանվում է` վերածվելով մարդկային կյանքի պատմությունների, իսկ նրա երկու պապերն էլ «շատ լավ պատմողներ էին»։

Հաջորդում են հայերի բազմաթիվ իրական կերպարներ, որոնք մանկուց տպավորվել են հեղինակի հիշողության մեջ։

Ահա հայ գրականության ծանոթ դեմքերից մեկը` Հակոբ Սիրունին (Ճոլոլյան), եկել է սիբիրյան աքսորից, մտերիմ է եղել իր պապի հետ։ Խորհրդային գերիշխանության ներքո անցնելուց հետո Ռումինիայում սկսվեցին բռնությունները։ Առաջիններից մեկը 1944 թ. դեկտեմբերի 28-ին ձերբակալվել է Սիրունին` Վարուժանի գրչընկերը` «Նավասարդ»-ի աշխատակիցը։ Նրան տարել են Մոսկվա` Լուբյանկա, այնտեղից` Մարիինսկի աշխատանքային ճամբար, ուր սոճու խեժ էր հավաքում։ Վերադառնում է շատ թուլացած տեսողությամբ` ա՛յն աստիճանի, որ կարդալիս դեմքը գրեթե էջին էր հպում։ Պատմաբան Եվգենի Տարլեի միջնորդությամբ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան Սիրունուն աշխատանքային ճամբարից փոխադրտում է Երևանի պատմության թանգարան` հին ձե-ռագրեր վերծանելու։ Բայց նա արդեն հսկողության ներքո էր, և աքսորում են երկրորդ անգամ։ Պատճառը Բուխարեստի «Արազ» թերթում տպագրած հոդվածն էր Խանջյանի մասին, որի մեջ ողբում էր նրա կորուստը։ Իսկ դա նշանակում էր անհարգալից վերա-բերմունք Բերիայի հանդեպ։ Այս անգամ նրան աքսորում են Պոտմա, ազատվում է Ստալինի մահից հետո` նորից մեկնում Երևան, այնտեղից` Ռումինիա։

Ռումինիայից ԳՈՒԼԱԳ ճանապարհով անցել են նաև շատ այլ հայեր։ Նրանցից մեկը վերադարձից հետո մեռավ` ոտքի վրա «Կիլիկիա» երգելիս։

Հեղինակը թվարկում է հայ աքսորականների ևս 15 անուն։ Թուրքերից մի կերպ խուսափեցին, բայց ընկան խորհրդային հետաքննության թակարդը։

Ամբողջական ընդգրկումով վեպը ռումինահայ համայնքի պատմությունն է, որտեղ պատկերվում, քանդակվում, հիշվում ու ժամանակներին են փոխանցվում բազմաթիվ անուններ, այդ թվում` ծաղրանկարիչ Չիկ Տամատյանը, հեռավոր նավարկության նավապետ կիլիկիացի Օնիկ Թոքատլյանը։

Վեպի շարադրանքի ձևը ժամանակագրություն-տարեգրությունն է։ Ժամանակային արդեն նշված հենակետերի` 1915-1945 թթ. շուրջ այդ տարեգրությունները հյուսվում են մե՛կ որպես կենսագրություն, մե՛կ պատմագրություն, մե՛կ տեղագրություն, մե՛կ` տոհմագրություն։ Հաջորդում է գերդաստանի պատմությունը` Ադանա, Վան, Աֆիոն Գարահիսար, Կոնստանդունուպոլիս ու Միջագետք:

Տրվում են պատմական գործիչների անուններ` գծվում է աշխարհի քաղաքական քարտեզը, և ուրվագծվում հայ ժողովրդի բռնադատումների ճանապարհը։

Վեպի համար հիմք են եղել նաև Կարապետ պապի թղթերը` իրադարձությունների գրառումներով. Իսկ Կարապետ Ոսկանյանը գրառումների օրագիր ուներ, ուր ամեն ինչ ար-ձանագրում էր, որ դառնալու էր թոռան գրավոր հիշողությունը և այս գրքի նախանյութը։ Գրառումների կողքին իրենց անփոխարինելի տեղն ունեն հին լուսանկարները, իրերը, ճաշատեսակները։ Եվ անդրադարձը. «Մանկությանս տարիների հայերն ապրում էին ավելի շատ լուսանկարների, քան մարդկանց մեջ»,- այսինքն` վաղուց մեռած էին, և նրանցից մնացել էր միայն հուշ ու հիշատակ։   Հերոսների հայտնաբերման, կերպավորման և դեպի գիրք նրանց հայացքն ուղղորդելու ճանապարհին գրողի այս միջարկումն է։ «Չկարողացա գտնել որևէ լուսանկար, թեև համառորեն փնտրեցի, որովհետև նա չի կարող բացակայել շշուկների մատյանից։ Քանի որ նրա ու նրա պես ուրիշ մարդկանց շնորհիվ այս գիրքն ապրեց նախքան գրվելն ու մանավանդ որ շշուկով ընթերցվեց։

Դեպի Ռումինիա` առաջին ալիքը մեծ էր, սակայն աստիճանաբար մեծամասնությունը մեկնեց ԱՄՆ։ Մեկնածների մասին հիշողությունը պահպանվել է նաև նրանց նամակների դրոշմանիշներով, որ պատանի հեղինակը ժամանակին հավաքել է։

Ամբողջ շարադրանքի ընթացքում լրացվում-համալրվում է հեղինակի տոհմա-բանությունը։ 300 տարվա հիշողությամբ նախնիները եղել են վաճառականներ, Եվրոպա են բերել «համեմունքների մելամաղձոտ բույրերը»։ Ճանապարհի հենակետերն են` Հալեպ, Թավրիզ, Թիֆլիս, Օդեսա, Լվով։ Իրականը շաղախվում է խոհականին։ Վաճառականներն ամեն ինչ սեղանին են դնում` բացի ժամանակը. «Ժամանակն արյան հետ միասին է հոսում։ Առանց արյան աշխարհը առանց ժամանակի աշխարհ է»։ Տոհմի պատմությունը դեռ շարունկվելու է, բայց առկա է պարբերական անցումը դեպի ցեղ ու ժողովուրդ։ Եվ ահա պապերը մեկը մյուսին առևտրի հմտություն են փոխանցել, իսկ ժողովրդի սերունդները` պարտություն. «Ցեղիս ռազմիկներից ստացա պարտվելու կարողությունը, որովհետև միայն պարտվածներն են իրապես մեռնում իրենց գաղափարների համար, բայց նաև հենց այդ պատճառով ստացա ինձ հաղթողի պես պահելու կարողությունը»։

Այդ պարտության արժանապատվությունն ազգային նկարագրին վերաբերող առանձնահատկություններն են` պահպանված օտարության մեջ. «Ֆոկշանում հայկական երկու եկեղեցի կար։ Մոլդովայում գրեթե քաղաք չկար, որտեղ հայերը եկեղեցի կառուցած չլինեին»։ Նաև դպրոցներ, կրթամշակութային օջախներ, հայկական գերեզմանոցներ և, իհարկե, երկրով մեկ ցրված համայնքը չէին կարող միավորել առանց մամուլի։ Ավելանում են հայկական ճաշատեսակները, բարեկամական-ազգակցական կապերը, հայկական անուն-ազգանունները, որոնք, սակայն, ժամանակի հետ աստիճանաբար փոխվում են։ Ինչ վերաբերում է եկեղեցիներին, դրանք ունեին իրենց վանահայրերն ու ծխականները, սրբատեղիները երբեմն վերածվում էին վանքերի։ Օրինակ` Սուչավային մերձակա` 1512-ին կառուցված Աստվածամոր վանքը։ Իրենց` Ֆոկշանի եկեղեցին կառուցվել է 1780-ին։ Համայնքում քիչ չէին ունևոր մարդիկ։ Ահա և միավորող երգը` իր հատկանշական բնութագրությամբ. «Երբ աչքերը փակվեցին, հասկացա, որ պիտի նվագեր Դլե յամանը` պանդխտության երգը։ Դանդաղ մի եղանակ էր` աղեղի ամբողջ երկայնքով ձգվող ձայնով։ Այդ ձայնը բարձրանում էր մեզ վրա ու հետզհետե ավելի լայն օղակներով հեռանում, կար-ծես երկրից դեպի երկինք էր կաթում»։ Եկեղեցում ջութակի վրա նվագողը պապն էր, որ հետո նաև «Կռունկ» պիտի երգեր։

Մի կարևոր միջարկում. «Գրեթե բոլոր մարդիկ, որոնց մեջ մանկությունս անցկացրի, ծեր էին»։ Իսկ ծեր՝ նշանակում է հիշողություն, պատմություն։ Ժամկոչը մի օր հարցնում է. «Ի՞նչ գործ ունի աս երեխան մեր մեջ»։ Իսկ պապը պատասխանում է. «Ձգե։ Սովորական երեխա չէ։ Օրերով ծեր երեխա մըն է»։ Երեխան այդ ժամանակ արդեն մեծերի տարեկիցն էր, որովհետև տեղյակ էր նրանց բոլորի խոսքուզրույցին. նրանց կյանքի ժամանակի մեջ էր։ Ի՛ր ժամանակը դեռ հետո էր գալու` ավելանալու մեծերի ժամանակին։

Հեղինակը հիշում է պաշտոնյաների անուններ, ովքեր եկել էին` կազմակերպելու հայրենադարձությունը և նրանց ճառերը` հայ և ռուս ժողովուրդների բարեկամությո՛ւն, դիմակազերծե՛նք դաշնակցականների նենգամտությունը: 1946-ի գարնանն առաջին քարավանը «Ռոսիա» շոգենավով շարժվում է դեպի հայրենիք։ Հայրենադարձությունը 1948-ին դադարեց, իսկ 1949-ին սկսվեցին աքսորները։

Մարդիկ սովորել էին կծկված ապրել, որովհետև աշխարհը դժվարությամբ էր տեղ տալիս յուրաքանչյուրին, բայց դա էլ է շատ համարվում։ Երևանում Լենինի հրապարակի մերձակա զբոսայգին` առավել հայտնի որպես բուլվար, կոչվում էր «Լացի պարտեզ»։ Խորհրդային տվյալներով ներգաղթյալների թիվը հասել է շուրջ 300000-ի։ Հայ ժողովուրդը քաղաքական հերթական խաղերի զոհ էր, որովհետև ստալինյան հաշվարկներով հայերին և ներգաղթյալներին աքսորելով` կարելի էր Հայաստանի բնակչությունն իջեցնել մեկ միլիոնի և ավելի քիչ, որից հետո այլևս ինքնուրույն հանրապետություն մնալ չէր կարող և կկիսվեր Վրաստանի ու Ադրբեջանի միջև։ Այս խարդավանքն ուժի մեջ էր նաև ա՛յն տարիներին։

Հեղինակը պատմում է։ Հենց այդպես էլ ներկայացնում է առանձին բաժիններ։ Ասենք` «Կույր Մինասի պատմությունը», «Սիմոնի հայրենադարձության պատմությունը», «Տեղում մնալու հորդորը կամ բարի պարոն Տեղդմնացիրյանի պատմությունը», «Հարություն Խնդիրյանի համառության պատմությունը», «Հարություն Ֆրինկյանի կտակի պատմությունը», «Վերջին հանգրվանի պատմությունը Տրապիզոնում»։ Մեկ անգամ չէ, որ հեղինակն իրեն պատմիչ է համարում, բայց ոչ գործող անձ, թեև ներկայությունը մշտապես ուղեկցվում է իրադարձություններին։ Մեկ այլ տեղ ավելացնում է, որ այս մատյանը «ոչ թե պատմության դասագիրք է, այլ խղճի վիճակների գիրք»։ Բայց այդ խղճի վիճակների մասին նույնպես պատմվում է։ Ուրեմն` պատմիչ ու պատմություն։ Հեղինակի համոզմամբ` շշուկների այս գիրքն իր բնույթով հատկանշական է բոլոր ժամանակներին և նույնն է, ինչպես Բախի մի խմբերգ կամ ինչպես նեղ մի դուռ, որով մարդիկ անցնում են դժվարությամբ։ Ահա և ասվածը փաստող մեկ այլ միջարկում. «Հաճախ ես գրում եմ Շշուկների մատյանի պատմիչի մասին։ Իմ պատմության մեջ պատմիչը Շշուկների մատյանի մասին է պատմում, իսկ այս նոր պատմված գրքում վերստին հայտնվում է պատմիչը, ով պատմում է։ Նա պատմիչի և նրա պատմության մասին է պատմում»։

1944-ին ԽՍՀՄ-ը բռնագրավել է Ռումինիան։ Առաջին ուրախացողներից մեկը Տիգրան Պետրոսյանն էր։ Նորից տեղաշարժի հարց է առաջանում։ Բայց, ահա, մարդիկ հոգնել էին թափառումներից։ Ժամկոչ Արշակը ձևակերպում է. «Շապին Գարահիսարէն մինչև Հալեպ, Հալեպէն մինչև Օդեսա, Քիշինաու, Բրաիլա, Սիլիստրա և հիմա պատերազմէն վերջ հոս, Ֆոկշան»։ Այդ պահանջն առաջանում է, որովհետև խորհրդային բանակը իզուր չէր մտել Ռումինիա։ Նախ հավաքվում են նոր վարչակարգի համար անցանկալի գրականությունը, կազմվում է «արգելված գրքերի» ցուցակ, հաջորդում են արգելված մարդիկ և յուրովի մի նոր տարբերակով կրկնվում է 1915-ի ապրիլի 24-ը։ Իսկ պապի գրադարանում կային հայերեն Աստվածաշունչ, Խորենացի, Դավիթ Անհաղթ, Նարեկացի, որոնք արդեն իսկ նոր իշխանությունների սրտով չէին։

Ռումինիայի հայության վերջին ալիքը եկավ Պոլսից, 1915-ից փրկված-վերապրածները վտարվեցին թուրք հանրապետականների կողմից։ Ելքեր կային նաև Ռումինիայից. մի մասը` ԱՄՆ, մյուս մասը բռնում էր հայրենադարձության ճանապարհը։ Բայց հայրենիքի սերը և հայրենիքի վարչակարգը տարբեր բաներ էին, իսկ հայրենիքից հիասթափությունը` արդեն կործանարար։ Ոմանք ծանր են վճարում հայրենիքի կարոտի համար, որովհետև նրանց սպասվում էր քաղաքական անվստահությունը, գռեհիկ պաշտոնյաների «կոշտ, սպառնալից ու ռուսական բառերով հեղեղված հայերենը»։

Հեղինակի տեսադաշտում ժամանակն է՝ իր բոլոր չափումներով, նաև Եվրոպայի ու աշխարհի քաղաքական կացությամբ։ Նիկիտա Խրուշչով, Ֆիդել Կաստրո, Մաո Ցզե Դուն, Ջոն Քենեդի, 1956-ի հունգարական դեպքեր` մարշալ Համազասպ Բաբաջանյանի գլխավորած խորհրդային տանկային ճնշիչ շարասյունով, սառը պատերազմ, Աֆրիկայի մայր ցամաքի ազատագրում գաղութային լծից. «Ալժիրը հետզհետե ավելի անջատ է դառնում` միայն Ալբեր Կամյուի ստեղծագործություններում իրապես ֆրանսիական մնալով։ Տիեզերքի նվաճում, արբանյակների արձակում, նաև մշակութային կյանքի անդրադարձներ` Բորիս Պաստեռնակի «Դոկոտր Ժիվագո»-ն, ջազ ու բլյուզ. շարժանկարներ, ժամանակը ներկայացնող հնչեղ անուններ։ Եվ այս ընթացքում երկրների արտաքին ու ներքին քաղաքականություն, որոնց հետ կապված էր հայության բախտը։ Այս ամենը տեսադաշտն է, իսկ բուն գործողություների վայրը Ֆոկշանի իրենց բակի ծիրանի ծառն է, որի տակ էլ հավաքվում էին այս խմորը հունցող սերունդները։ Պատերազմի տարիներին նրանց մի մասն սպասում էր ռուսների գալուն, մյուս մասը` ամերիկացիների։ Բայց երբ եկան ռուսները, բոլորը միավորվեցին ու արձանագրեցին իրական պատկերը. «հարբում էին, ժամացույցներ թռցնում` դրանց նայելով ինչպես հնդկացիները Կոլումբոսի ապակե ուլունքներին, հրապարակում աղջիկների ետևից էին ընկնում, բարձր պաշտոն-ներում ամեն տեսակ անբանի ու համբալի դնում։ Ի շարս այլոց` նրանք ձերբակալեցին նաև Բուխարեստի ու Կոստանցայի հայ մտավորականությանը և ուղարկեցին Մոսկվա` Լուբյանկա։

Երկրորդ համաշխարհայինի պատմական իրադարձությունների մեջ ուրվագծվում է Դրոյի կերպարը. «այդ պատմությունը դառնում է <…> Շշուկների մատյանի ամենալուռ հատվածներից մեկը»։ Այսինքն` այդ մասին ավելի ցածրաձայն էին խոսում, որովհետև վտանգավոր էր։ Մեր առջև Դրաստամատ Կանայանն է` Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմական նախարարը, խորհրդային իշխանութունների կողմից հետապնդվող ազգային գործիչը, ի վերջո, հիտլերյան բանակի կազմում ձևավորված Հայկական լեգեոնի միջոցով Խորհրդային Հայաստանն ազատագրելու կոչված խենթը։ Դրոյի հետքերը Ռումինիայի հայկական համայնքում շատ են և, ահա, քեռայր Սահակ Շեյթանյանը պատմում է նրա զենքերի, նրա հիշատակների ու գործունեության մասին։ Իսկ այդ անունը հայրենասիրության խորհրդանշան է գաղթականության համար։ Նախ ռուսները բանտարկեցին Դրոյին, ազատեցին 1924-ին և մինչև 1944-ը նա մնաց Ռումինիայում, 1935-ին նա ամուսնացավ ծնունդով Ղարաբաղի Նուխիից Գայանեի հետ, ով ապրեց 105 տարի և մահացավ Բոստոնում 1966-ին։ Հեղինակն անգամ հիշում է Դրոյի աճյունը 2000 թ. մայիսի 24-ն Հայաստան տեղափոխելու և Ապարանում ամփոփելու փաստը։ Այստեղ ավելի է սրվում պատմության ժառանգորդական կապը պապի ու թոռան միջև։ Պապը բորբոքում է թոռան գրելու ցանկությունը` «հույս ունենալով, որ ես կլինեմ այդ իրադարձությունների պատմիչը»։ Խորհուրդն էլ հետն է. «Ով որ տառապեցավ, չի կրնար պատմությունը եղածին պես ըսել, այլ իր սեփական պատմությունը կըսե»։ Հեղինակը ևս, ինչպես նշեցինք, ի սկզբանե իրեն պատմիչի դեր վերապահելով, գրում է. «Ինձ` պատմիչիս համար բավական դժվար է պատմության թելը պահելը»։

Դրոյի շուրջ Հայաստանի Առաջին Հանրապետության վտարանդի ղեկավարներն էին, ովքեր դեռևս հույսեր էին կապում Սևրի դաշնագրի հետ։ Այստեղ հայոց պատմության նորագույն շրջանի բարդ էջերն են, ուր և շարադրանքն առավել դառնում է պատմավիպական։ Ուրվագծվում է Դրոյի ստեղծած Հայկական լեգեոնի պատմությունը։ Լեգեոնականները բոլորն էլ գնդակոծվեցին` առանց Հայաստան հասնելու։ 1941-ին Լեգեոնի կազմում շուրջ 8000 կամավորներ էին, հիմնականում` ռազմագերիներ։ Որպես Հայկական լեգեոնի ռազմիկներ` նրանց համազգեստի կրծքին գերմանական թևաբաց արծիվն էր, իսկ բազուկներին` հայկական եռագույն ժապավենը։

Գիրքն ասես գրված լինի տեղատվության ու մակընթացության կշռույթով, որ տարուբերվում է հիմնականում 1915-1945 թվականների միջև` երբեմն հզոր ալիքներ նետելով մե՛կ դեպի ավելի խոր անցյալ և մե՛կ մինչև մեր օրերը։ Հեղինակի դիտման կետը ժամանակային վերջին սահմանն է։ Իսկ «Շշուկների մատյան»-ի շուրջ եղած խորհրդածություններն ասես մի յուրահատուկ կրկնաբերմամբ կարգավորում են այդ տեղատվությունն ու մակընթացությունը։

Հայոց հայրենիքը մշտական ուղեկից է. հնչում են քաղաքների ու գյուղերի անունները` որպես կորած բանաստեղծության տող, հեռացող մեղեդի, որ կանչում են զորավոր մի ուժով, որովհետև քո՛նն են, իսկ դո՛ւ` իրե՛նցը։ Արյան այս հարազատությունը նրան հասցնում է մինչև Գրիգոր Նարեկացի` այնտեղ «Ողբերգության մատյան, այստեղ` Շշուկների մատյան»։ Եվ դատողությունը` «ինչպես մարդիկ են ծնվում մարդկանցից, գրքերն էլ գրքերից են ծնվում»։

Ու նորից ծննդաբանություն` Աֆիոն Գարահիսարում ծնվեց պապը, իսկ Տրապիզոնի Գյուշանա գյուղում` Միսաք Թոռլաքյանը։ Հանդիպման վայրը նույնն է` 1945 թ. մարտի 6-ի փողոց, թիվ 9։ Հիմա արդեն խորքից բացվում են Տրապիզոնի հայերի ջարդի մանրամասները, խորքից հասունանում է Թոռլաքյանի վրեժը, որպեսզի «Նեմեսիս» ծրագրի շրջանակներում Կոստանդնուպոլսում վերջ տան Բահբութ խան Ջիվանշիրին։

Իսկ վրեժը պիտի հասունանար, որովհետև ոչ միայն ժողովրդին հայրենազրկում էին, տիրանում նրա ունեցվածքին, աքսորում, սպանում ու բնաջնջում, այլև գողանում էին վերջին հույսը` «ովքեր ցանկանում են, կարող են երեխաներին թուրքական ընտանիքներին հանձնել, բայց երեխաները նախ պիտի հանձնվեն բանակին, որն էլ հետո նրանց պիտի տեղաբաշխի` այսպիսով ծնողներին արգելելով իմանալ երեխաների նոր ընտանիքների ինքնությունը»։

Թեև Թուրքիայի ռազմական ատյանը 1919-ի մայիսի 22-ին միաձայն վճիռ կայացրեց ջարդերի ղեկավարներին ենթարկելու մահապատժի, բայց վճիռը չիրագործվեց։ 1919-ի հուլիսի 5-ի համանման մի որոշմամբ դատաստանը հանցավոր ճանաչեց մեծ վեզիր Թալեաթին, ռազմական նախարար Էնվերին, ռազմածովային նախարար Ջեմալին, կրթության նախարար և հատուկ միավորումներ ստեղծող Նազըմին, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին ու Բեհաէդդին Շաքիրին։ 1915 թ. ապրիլի 24-ին հայ մտավորականությանը շուրջկալների ենթարկած Օղուզ բեյը 1920 թ. փետրվարի 9-ին դատապարտվեց 5 տարվա բանտարկության, մյուս հանցագործները կազմակերպված հեռացան երկրից։

Պատժի վճիռն իրականացրին «Նեմեսիս» ծրագրի մահապարտները։ Պապը բարեխղճորեն գրանցում էր ահաբեկությունների օրն ու թիվը։ Պապի հետ մեկտեղ նրա քենակալ ու հեղինակի կնքահայր Սահակ Շեյթանյանը գիշերներ են լուսացրել սույն գաղտնագրության վրա`

  1. Սողոմոն Թեհլերյան` Թալեաթ փաշա, 1921, 15 մարտ, Բեռլին,
  2. Արշավիր Շիրակյան՝ Սաիդ Հալիմ փաշա, 1921, 6 դեկտեմբեր, Հռոմ,
  3. Ստեփան Ծաղիկյան` Ջեմալ փաշա, 1922, 25 հունիս, Թիֆլիս,
  4. Արամ Երկանյան, Արշավիր Շիրակյան` Բեհաէդդին Շաքիր, 1922, 17 ապրիլ, Բեռլին,
  5. Արամ Երկանյան, Արշավիր Շիրակյան` Ջեմալ Ազմի, 17 ապրիլ, Բեռլին,
  6. Արամ Երկանյան` Ֆաթալի խան Խոյսկի` 1920, 19 հունիս,
  7. Միսաք Թոռլաքյան` Բահբութ խան Ջիվանշիր, 1921, 18 հուլիս, Կ. Պոլիս։

Հիշվում է 1896-ի օգոստոսի 26-ին 25 նվիրյալներով Բանկ Օթոմանի գրավման պատմությունը, հոլովվում են հերոսական անուններ` Արմեն Կարո (Գարեգին Պաստրմաճյան), Շահան Նաթալի։ Նույն այս գործիչները կազմում են նաև ահաբե-կության ենթակա թուրք պաշտոնյաների անունները, որոնցից վերջնական տարբերակում մնում են այս յոթը և հանձնվում «Նեմեսիս»-ին` իրականացնելու։ Սպանվում է նաև Թալեաթի գործակալ Հարություն Մկրտչյանը, ով կազմել էր 1915-ի ապրիլի 24-ին արտաքսված 300 հայ մտավորականների առաջին ցուցակը։ Վեպն այս հատվածում ընդգրկում է 1895-1922 թթ. ցեղասպանության համապատկերը։

«Շշուկների մատյան»-ում ոչ միայն շշուկների անձայն խոսք է, այլև լռության խոսք` շշուկների լուռ մասը։ Այստեղ (6-րդ մաս) համաժամանակյա հոսքով հիշվում են մի քանի տարբեր տարեթվեր` 1949, 1957, 1964, 2005։ Առիթը վաղաժամ ձմեռն է, առանձին դեմքեր, որ հիշողությունն այս անգամ տոգորում են գյուղի կոլեկտիվացման իրադարձություններով։ Նույն բռնությունները, ունեզրկումը, վախը։ Եվ այդ ամենի կենտրոնում Ռումինիայի ապագա Կենտկոմի առաջին քարտուղար Նիկոլաե Չաուշեսկուն, ում Ազգային փրկության ճակատի կողմից անկախություն հռչակելու օրն իսկ ձերբակալեցին և 1989-ի դեկետմբերի 25-ին կնոջ հետ մեկտեղ մահապատժի ենթարկեցին։ Ինչո՞ւ։ Որովհետև դաժան բռնություններով էր անցել կուսակցական գործիչի նրա ճանապարհը։ Այս կերպարներն իրենց բուռն գործունեության ընթացքում շատ նման են` կաշվե բաճկոն, կաշվե կեպի, ճտքավոր կաշվե կոշիկներ և դաժան անմարդկայնություն։

Չաուշեսկոն այստեղ կերպավորվում է կոլեկտիվացման գրոհի օրերին. իրեն տրված կուսակցական հրահանգը նա կատարում է սպանությունների և աքսորի միջոցով։ Այսպես իրար են շաղախվում Հայոց ցեղասպանությունը, Ռումինիայի համայնավարացումն ու դրա հետևանքները, տարբեր ժամանակ և տարբեր իրադրությունների մեջ գործող հերոսներ, բայց բոլորը վիպական ճիշտ կապերի ու կապակցումների մեջ են, որովհետև միասնական է պատումը` որպես հիշողության մատյան։ Ընդ որում, անցումները կարող են լինել միևնույն գլխի մեջ։ Միասնական է նաև կերպարների բացահայտման հայեցակարգը, որ հեղինակն այսպես է բացատրում. «Զգացել եմ, որ իմ ծերունիների հոգիներում կա ցավ, մելամաղձոտություն, անբավարար ապրած կյանք, բայց ափսոսանք չեմ լսել»։ Ահա հերոսներից մեկը` Հարութին Ֆրինկյանը, ով հիմնադրում է գործարաններ, ստեղծում մեծ հարստություն, սակայն համայնավարները նրա ունեցվածքը պետականացնում են, նրան ունեզրկում, հասցնում աղքատության, անգամ վռնդում սեփական գործարանի բակից։ Այսքանից հետո նա թեև տրորված, բայց մարդկային արժանապատվությամբ է շարունակում իր կյանքի ուղին` ընդամենն ասելով. «Պետությունը… լավ չէ»։ Շաքարի թագավորի համբավ ուներ, դարձավ գարեջրասրահների մերձակայքում աղով բոված ընկույզ վաճառող, գրեթե մուրացկան, բայց չկոտրվեց, որովհետև նախկին ունևորի պես շարունակում էր կտակում ճշտումներ անել։ Հեղինակի հիշողության մեջ մնացել է նրա էրզրումյան կոշտ հայերենը։ Այդպես կրծքին դրած կտակի վրա սառած ձեռքերով էլ թաղեցին։

Միտքը նորից գնում է դեպի 1915 թվականը։ Վարուժան և նրա անվան շուրջ հյուսվող առասպել։ Զոհրապ և նրա կողքին մեջլիսի երկրորդ հայ անդամը` Վարդգես Սերինգուլյանը, որոնց` աքսորի ճանապարհը Ուրֆայով հասցնում է Հալեպ։ Մեջբերում է հատվածներ դեսպանների ու հյուպատոսների գրություններից և սկզբից առաջ վերջը պատկերում, որ այս դեպքում ևս նույն Տեր Զորն է, այստեղ` Դեյր էզ-Զոր, ինչպես իրական տեղանունն է։ Ուրվագծվում է Կոմիտասի կերպարը, ով աքսորի ճանապարհին անընդհատ ծիծաղում էր, որ խելագարության քրքիջ էր։

Այս շրջանակի մի դրվագ է «Յուսուֆի պատմությունը»։ Յուսուֆը հազարավոր հայ պատանիներից էր, որ որդեգրվեց թուրքերի կողմից և անվանափոխվեց, բայց նաև քչերից մեկն էր, ով փախավ, փրկվեց ու վերականգնեց իր հայկական ինքնությունը։ Հերոսը՝ Սահակը, անցնում է փորձության յոթ օղակների միջով, ինչպես դժոխքի յոթ պարունակներ։ Ահա այդ յոթ պարունակների տեղագրությունը՝ Մամուրա, Իսլահիրե, Բաբ, Մեսքենե, Դիպսի, Ռաքքա, Դեյր Էզ-Զոր։ Նկարագրում է գաղթի սահմռկեցուցիչ ճանապարհը, հալածանքի, մարդկանց ոչնչացնելու ձևերը։ Ամեն ինչ հասնում է «մահվան արբեցության»։ Աղջիկը հիվանդ է տիֆով, տղան առողջ է և ամեն վայրկյան կարող է վարակվել, մայրը գտնում է հնարը՝ արաբի հետ տղային փոխանակում է մի տոպրակ ալյուրով։ Մտքինը խորքում տղայի փրկությունն էր։ Հետո տղան պիտի երկատվեր. ինքը՝ Սահակը, պիտի ատեր իր նոր կերպարը ներկայացնող Յուսուֆին։ Սահակն ուզում է սպանել թլպատված, հավատափոխ Յուսուֆին, բայց պահը դեռ պիտի գար, և նա փախչելով պիտի վերագտներ իրեն։ Այս Սահակը Սահակ Շեյթանյանն է՝ հեղինակի պապի քենակալը։

Եվ ամփոփիչ խոսքը. «Իմ մանկության ժամանակ Սահակ Շեյթանյանը ծեր մարդ էր։ Ես Յուսուֆին չտեսա»։

Այս մարդկանց համար պատմությունը ոչ միայն իրադարձությունների շարք է, այլև աշխարհի քաղաքական քարտեզ։ Եվ կա քարտեզների մոգը` Միքայել Նորատունկյանը։ Քարտեզն անգամ գաղտնի էին պահում, պիտակը պատրաստ էր՝ ազգայնամոլ, այդ իսկ պատճառով քարտեզը ևս մտնում է «Շշուկների մատյան», որովհետև նրա մասին խոսում էին շշուկով։ Հաջորդում է Միքայել Նորատունկյանի պատմությունը։ Տոհմը հայտնի էր Թուրքիայում. Գաբրիել Նորատունկյանը մինչև 1913-ը եղել է արտաքին գործոց նախարար։ Իսկ նրա եղբորորդի Միքայելը՝ փոստի և հեռագրատան։ Ֆրանկմասոնության աստիճանով բարձրացել և դեռևս 1909-ին հասել է 33-րդ աստիճանին. «Նա հավատում էր իմաստներին, այլ ոչ թե գաղտնիքներին»։ 1920-ից նա Ռումինիայում էր։

Պատկերաշարը լրացնում է Լևոն Զոհրապը՝ մեծ գրողի որդին։ Նա տեսել է հոր ձերբակալությունը։ Ըստ հեղինակի՝ Գրիգոր Զոհրապին և մյուս երեսփոխան Վարդգես Սերինգուլյանին նախ գնացքով, ապա մեքենայով հասցրել են Հալեպ։ Լևոն Զոհրապը սպաներից իմանում է հոր մահվան հանգամանքները։ Փորձում է գտնել հոր մահվան տեղը։ Հանգուցյալներն իրար վրա էին լցված և քայքայված։ Նրանցից մեկն իր հայրն էր, և նա «թաղեց բոլոր հանդիպած դիակները այն հույսով, որ մեկնումեկը հոր դիակը կարող էր լինել»։ Լևոն Զոհրապը հաստատվում է Բուխարեստում և ստեղծում ծխախոտի գործարանների ցանց։ 1948-ին համայնավարները նրա ունեցվածքը ևս բռնագրավում են՝ ապաստան թողնելով մի ձեղնահարկ։ Ռումինիայի կառավարությունը շահագործել է նրա անունն ու կապերը՝ երկիրը տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու համար։

Այս պատկերաշարի մեջ դեռևս պետք է հանդիպենք Վազգեն Պալճյան եպիսկոպոսին՝ ապագա Վազգեն Առաջին Հայոց Հայրապետին։

Նորից են հիշվում հայ վրիժառուներն՝ իրենց դատ ու դատաստանով և արդարացումով, որովհետև նրանք ո՛չ էին ասել ցեղասպանությանը։ Նրանք բոլորը, անկախ նրանից` ցեղասպանությունից փրկվածնե՞ր էին, թե՞ ոչ, անկախ գաղթի ճանապարհին հոգեկան ցնցումներից խանգարվա՞ծ էին, թե՞ ոչ, իրենց ժողովրդի տրորված արժանապատվության կրողներն էին։ Այդ կրակոցները դեռ շարունակվում են Գուրգեն Յանիկյանի և ԱՍԱԼԱ-ի վրիժառումների կողմից։ Այդպես Միսաք Թոռլաքյանը 32 տարեկանում «ձեռքերը դատարկ զգաց, ազատությունը նրան բեռ էր թվում», որովհետև նա չէր ծնվել փողոցի անկյունում բաստուրմա ու սուջուխ վաճառելու համար։

Կրկնաբերումով նորից ու կրկին խորանում է այս հերոսների պատկերաքանդակը. «մանկությանս ժամանակվա հայ ծերունիները տխուր մարդիկ չէին։ <…>։ Նրանց ծիծաղը տեսա, բայց ժպտալը՝ հազվադեպ»։ Նաև չարտասվեցին, որովհետև թեև պարտվել էին, բայց հոգեպես չէին սպանվել, և նրանց հոգեկան սատար էին հայրենիքի հիշատակները. ասենք, խորհրդային բանտից Դրոյի վերադարձը Բուխարեստ, ով` «Որո՞ւն դեմ պիտի պայքարենք» հարցին ի պատասխան՝ առանց երկմտանքի ասում է. «բոլշևիկներուն դեմ։ Թուրքերը մեր մարմինը սպանեցին, իսկ բոլշևիկները մեր հոգիները կսպանեն»։ Պարտված, ջարդված, բանտերում տանջված, բայց ոգին ամուր էր, և Դրոն նորից ասաց. «Խաղաղու-թյունը հաղթողների համար է։ Մեզ ի՞նչ օգուտ խաղաղությունը։ Խաղաղության ժամանակ ավելի դժվար է պարտված ապրիս, քան պատերազմի ժամանակ։ Պատերազմը գոնե բախտառիթ մը կուտա։ Ուրեմն, սեպենք, որ խաղաղությունը նոր պատերազմի մը նախերգանքն է։ Այսպես կը հաջողինք մեր հույսը պահել»։ Սրանով պիտի բացատրել Հայկական լեգեոնի գործունեությունը Երկրորդ համաշխարհայինի տարիներին՝ «սեփական երազների բեռան տակ» չխորտակվելու համար։

Այսպես ի մի են բերվում Ռումինիայի հայկական հետքերը՝ հիշեցնելով Շահնուրին, ով հայության բեկորների ճակատագիրը տեսավ Ֆրանսիայի հորձանուտում։

Գաղափարը հասունանում և հերթական ձևակերպմամբ հնչում է հոգեկան ու տրամաբանական այս լիցք ու շեշտով. «Շշուկների մատյանը պատմում է հատկապես պարտվողների մասին»։ Երջանիկ է, որ իրեն է «վիճակվել Շշուկների մատյանի պատմիչը լինել»։

Եվ մեծ հարցականը, որի պատասխանը հայ ժողովրդի համար պահանջում է յուրաքանչյուր ոք՝ գրելու պատմության հաջորդ էջը՝ «Հիմա ի՞նչ պիտի պատահի»։ Իսկ պատահում է այն, որ վրիժառու հերոսների անունները գաղտնապահվում են փայտե ձիուկների տեսքով, որոնցից մեկը՝ որպես խաղալիք, ինքը` հեղինակն է ձեռքն առնում։ Այսինքն՝ իր այս գրքով գրողը թշնամու ճակատին արձակում է հերթական գնդակը՝ համալրելով վրիժառումերի շարքը։ Նա խոստովանեցրեց իր հերոսներին, որովհետև հերթական քայլը իրենն էր և… պապինը։

Ամբողջ վեպի ընթացքում հասունանում է պապի կերպարը, ով ինքը կարող էր այս կամ այսպիսի մի վեպի հեղինակ լինել։ Բայց իր փոխարեն նա իր ու յուրայինների կյանքը պատմելու հնարավորություն էր տվել թոռանը։ Եվ ահա այդ կերպարի վերջին բացահայտումները. «Մեծ հայրս երբեմն իր սենյակում փակվում, ջութակ էր նվագում, ապա ողբագին երգեր էր մրմնջում»։ Հետո լուր է հասնում, որ Մոնտեբելոյում մահացավ Միսաք Թոռլաքյանը՝ զորավար Դրոյի զինակիցն ու վրիժառուն։ Այս պահին թվական է նշում. «1968 թվականի նոյեմբերի 12-ի երեկոն էր։ Ճշգրիտ թվականը, անշուշտ, կարևոր չէ, ու թեև Շշուկների մատյանը պատմության դասագրքի նման թվականներով լիքն է, փաստորեն այդ թվականներից ոչ մեկի հետ կապված չէ»։ Այդպես է, որովհետև մահվան թվականը մանրամասնություն է (ոչ ավելորդ), «իսկ մահից, ուրեմն նաև կյանքից ավելի կարևոր՝ հիշողությունն է»։

Վեպն ավարտվում է պապի մահվամբ. «Լմնցավ… վերջապես լմնցավ։ Հիվան-դությո՞ւնը։ Նոր հիվանդություն է, գրքերում գրանցված չէ։ Այդ հիվանդության անունն է հայրենիքի ցավ»։ Եվ բնական մի հարազատությամբ պապը հետզհետե մե՛կ Կոմիտասին էր նմանվում, մե՛կ Անդրանիկ զորավարին. «Մինչև սեփական մահվանը հասնելը անցնում էր իրենից առաջ եղած մեռյալների շարքի միջով»։ Նահատակների սրբագործված պատկերաշարն է:

Կատարվում է նաև ոգու տեղափոխություն. «Մեծ հորս ձայնն իմ ներքին ձայնն էր դարձել»։ Այս է սերունդների հաջորդականությունը, որ եկեղեցին ամեն յոթ տարին մեկ անում է մյուռոն եփելիս՝ ավելացնելով հնից մի բաժին։ Եվ այսպես դեպի սկիզբ՝ մինչև առաջին մյուռոն։

Պապը մահացավ 1968 թ. նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը։ Թաղումից առաջ Սահակ Շեյթանյան քենակալը հանգուցյալի խաչված ձեռքերի տակ դնում է «Նեմեսիս» գործողության պատմությունը։ «Լմնցավ, վերջապես լմնցավ»,- պապի շշունջը կրկնում է Սահակ Շեյթանյանը։

Բայց ոչ, «Շշուկների մատյան»-ը չի վերջանում, որովհետև պապի մահից հինգ տարի անց Լոս Անջելեսում՝ Սանտա Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոցում 80-ամյա հայ Գուրգեն Յանիկյանն սպանեց թուրք հյուպատոսին ու նրա քարտուղարին։ Բայց դա էլ վերջը չէ։ 2007-ի հունվարի 19-ին տրապիզոնցի մի թուրք սպանում է լրագրող Հրանտ Դինքին։ Պատերազմը շարունակվում է։

Կան գեղարվեստական երկեր, որոնց մեջ միջավայր հասկացությունը բացակայում է։ Գլխավոր հերոսն ու մյուս հերոսներն են, բայց խորքի տեսադաշտը դատարկ է։ Այս վեպը խմբանկարային կենդանի միջավայրի մեջ է պահում հերոսների շարժը։ Պատումի հարմար մի հատվածում նրանցից որևէ մեկն առանձնանում և ներկայանում է խոշոր պատկերով։ Այսպես խմբանկարը միշտ կա՝ առանձին անունների խոշորացումով։

Պլուտարքոսին արձագանքելով՝ տեսակետ է հայտնում, թե յուրաքանչյուր մարդու կյանք զուգահեռ կենսագրությունների մեջ է անցնում, որոնցից մեկը դրված է լինում մատյաններում։ Այս դեպքում, մատյան ասելով, թեև մետրիկան՝ չափաբերականը նկատի ունի, բայց ահա այդպիսին է դառնում նաև նրա այս գիրքը՝ կենսագրություններ՝ որպես պատմության էջեր։ Ուզում է հիշել իր միջավայրն ստեղծող բոլոր կարևոր դեմքերին, խմբանկարը թերի՞ է, ուրեմն նոր համալրումով նորից պետք է նկարել։ Ահա այդ լուսանկարի վտանգված պատկերը` «Վիրջինիայի պատմությունը», որ քիչ էր մնում էջերից դուրս թռչեր, վերադառնում է Շշուկների մատյանի մեջ։

Վեպի բանարվեստի հիմքում Գաբրիել Գարսիա Մարկեսի «Մենության հարյուր տարի»-ն է, բայց ոչ մոգական իրապաշտությամբ, այլ քաղաք, միջավայր, տոհմա-բանություն ստեղծելու առումով։ Այստեղ ոչ թե մոգական իրապաշտություն է, այլ պատմական փաստերի ու իրադարձությունների իրապաշտություն, այլ կերպ՝ պատմական իրապաշտություն։

Մարկեսյան շունչն առկա է նաև Հարություն Խնդիրյանի կերպարում. «շշուկներ էին պտտվում նաև, որ թափառում է աշխարհով մեկ՝ գնալով դեպի արևելք, դեպի այն երկիրը, որ նրան լքել էր»։ Ասես «Մենության…» Մելքիադեսի կերպարը լինի։ «Շշուկների մատյան»-ի շուրջ իրադարձությունների պարբերական կրկնաբերումն իր հերթին հիշեցնում «Մենության հարյուր տարի» վեպի առանցքային կրկնաբերումը՝ «Կանցնեն տարիներ, և …»։

Վիպական պատումը շատ գեղարվեստական է, շաղախը՝ պատկերավոր։

Բնորոշումները դիպուկ են՝ «Մահվան քաղցրավուն հոտ», «Աստծո հետքը հայի դեմքի վրա քթարմատում՝ հոնքերի միացման տեղն է», «Լույսը ժայթքեց հայելի կոտրող քարի նման», «Մեսիան շարունակեց ջարդվող ճյուղի նման չոր ձայնով», գաղթի ճանապարհին «հողմածուփ լինելով՝ մեռյալները չորանում էին»։

Հեղինակը «հարգում է մանրամասները», ինչն արտահայտվում է հերոսների անունների, բնակավայրերի, գործող անձանց արարքների ուշադիր նկարագրությամբ, առանձին պատկերների տրամաբանական ձևավորմամբ։ «Ոմանք քարե խաչերին հենված մնալով, իսկ ոմանք էլ՝ հողի մեջ քաշվելով մայիսյան անձրևաջրերի պես», «մարդկանց նման պատասխաններն էլ են մեռնում՝ տեղ թողնելով, որ կյանքը առաջ գնա», «վիրավորված ձին մեռած ձի է»։

Ահա քաջածանոթ Սահակ Շեյթանյանը, ում թուրքերը զրկեցին սերնդագործելու հնարավորությունից. Սահակ Շեյթանյանը «խաղալիքների սովոր չէր և երեխաներ չուներ, որպեսզի նրանց հետ իր չապրած մանկությամբ վարվի»։ Ինչ խաղալիք որ ուզել է, բայց ծնողները չեն գնել՝ ինքը հիմա կգներ իր երեխաների ու թոռների համար։

Շատ էջերում, օրինակ, վերջին գլխի սկզբում ակնհայտ է բանաստեղծի գրիչը։ 1994-ին հեղինակն այցելել է Վազգեն վեհափառին։ Եվ ահա կերպարի ուրվագիծը. «Բայց կաթողիկոսն արդեն հիվանդ էր. ձեռքը կզակին դրած՝ հաշտված մի ժպիտ ուներ»։

Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մսատյան»-ը նոր ժամանակների վեպ է, և Ռումինիայի ու Հայաստանի անկախության դարաշրջանի ծնունդ։ Նոր ժամանակներ, նոր մտածողություն և պատմության ու հերոսների նոր կենսագրության միանգամայն նոր ընթերցում։

Գեղարվեստական շարժանկարներից մեկում իռլանդացի կինոաստղով տարված, բայցև նրա պահվածքից շատ արագ հիասթափված անգլիացի կինը նետում է. «Եթե ձեր երկիրը ձեզ վերադարձնենք, չեք կարող իմանալ, թե նրա հետ ինչպես պիտի վարվեք»։ Չկայացած ինտիմ պահից կնոջ վայրկենական վիրավորանքը վերածվում է Իռլանդիայի անկախությանն ուղղված ազգային անարգանքի։

Այս դրվագը պատահական չհիշեցի։ Հայ ժողովուրդը չի համակերպվել իր պատմական հայրենիքի կորուստի հետ, ինչի մասին բարձրաձայնում են այս ու այս կարգի վեպերը։ Մեր հայրենիքը մեզ չեն տա, մեր հայրենիքը մենք պետք է ազատագրենք պատմական հարմար մի թելադրանքի ժամանակ, և հենց այս պահից պարտավոր ենք իմանալ, թե ինչ պետք է անենք, ինչպես պիտի կառավարենք մեր երկիրը: Հավատացած եղեք՝ գալո՛ւ է այդ պահը:

 

2015, 2 փետրվար – 30 օգոստոս