Azk newspaper from Yerevan: „The Book of Whispers” in Paris gives headache to Turks

ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ   «ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ» ՎԵՊԸ` ՓԱՐԻԶԻ ԳՐՔԻ ՍԱԼՈՆԻ ՀՅՈՒՐ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Առաջիկա մարտի 21-ին   Փարիզի Գրքի սալոնի պատվո հյուրն է լինելու Ռումինիան: Գրքի սալոնի կայքից տեղեկանում   ենք, որ ռումին 27 գրողներ ներկայացնելու են իրենց գործերը, որոնց մեջ է Վարուժան   Ոսկանյանն իր նշանավոր «Շշուկների մատյան» վեպով: «Շշուկների մատյան»-ը պատմում է   Հայոց ցեղասպանության եւ 20-րդ դարի սարսափների մասին. երիտթուրքեր, ֆաշիզմ, ստալինիզմ,   գուլագներ, Չաուշեսկու, որոնց թանձր նստվածքը մնացել է մինչեւ այսօր մարդկանց մտքերում   եւ հոգիներում:

«Շշուկների մատյան»   վեպը լույս է տեսել 2009 թ. Բուխարեստում եւ դարձել հրատարակչական տարվա ամենաբարձր   գնահատականի արժանացած եւ ամենաշատ մրցանակներ ստացած գործերից մեկը: Վեպի հրատարակումից   ընդամենը երեք ամիս անց, իսպանական Պրե-Տեքստոս (Pre-Textos) հրատարակչությունը ռումինական   Պոլիռոմ (Polirom) հրատարակչությունից ձեռք բերեց այն իսպաներեն հրատարակելու իրավունքը:

Իսպաներեն տարբերակը   լույս տեսավ 2011 թ. սկզբին Խոակին Գարիգոսի (JoaquinGarrigցs) թարգմանությամբ, եւ   նույն տարվա օգոստոսին թողարկվեց նաեւ Արգենտինայում, հեղինակի եւ թարգմանչի ներկայությամբ:

Մարկեսյան շնչով գրված   վեպը մեծ ժողովրդականություն է վայելում իսպանախոս երկրներում: Վեպի վերաբերյալ Իսպանիայում,   Վենեսուելայում, Կոլումբիայում, Չիլիում, Արգենտինայում լույս է տեսել ավելի քան   300 էջ գրախոսություն: Բոգոտայում, Գաբրիել Գարսիա Մարկես գրական փառատոնի կազմակերպիչներն   անցյալ սեպտեմբերին որպես տարվա պատվո հյուր հրավիրել էին Վարուժան Ոսկանյանին: Կոլումբիայի   նախագահ Խուան Մանուել Սանթոսն անձամբ հետաքրքրված է վեպով, որի ընթերցումը, նախագահի   իսկ խոստովանությամբ, նրան օգնում է Կոլումբիական զինյալ հեղափոխական ճակատի հետ   (FARC) խաղաղության փնտրտուքի ճանապարհին:

Իսպաներենի կողքին   2011 թ. սեպտեմբերին լույս է տեսել նաեւ իտալերեն հրատարակությունը` Անիտա Բեռնակիայի   (Anita Bernacchia) թարգմանությամբ, Կելլեր Էդիտորե (Keller Editore) հրատարակչատան   կողմից:

2012 թ. «Շշուկների   մատյանը» հեղինակի միջամտությամբ լույս տեսավ նաեւ Երեւանում, հայերեն` որպես երկրորդ   բնագիր, եւ Երուսաղեմում եբրայերեն` Անի Շիլոնի (Any Shilon) թարգմանությամբ, Հակիբուց   Համեուխադ (HakibbutzHameuchad Publishing House Ltd.) հրատարակչատան կողմից:

2013թ. «Շշուկների մատյանը»   լույս է տեսնելու նաեւ գերմաներեն Էռնեստ Վիխների (Ernest Wichner) թարգմանությամբ   ավստրիական հեղինակավոր Պաուլ Ժոլնայ Paul Zsolnay հրատարակչատան կողմից, շվեդերեն`   Բոննիեր (Bonnier) հրատարակչական խմբի կողմից:

Վեպը ֆրանսերեն վերջերս   լույս է տեսել Սիրտ (Syrtes) հրատարակչության կողմից, Մարիլի լը Նիրի /Marily le   Nir ու Լոր Հինկելի (Laure Hinckel) թարգմանությամբ, ինչը իրազեկների գնահատմամբ   լավագույններից մեկն է:

Վարուժան Ոսկանյանն   արդեն պայմանագիր է կնքել հունգար եւ չեխ հրատարակիչների հետ:

Հայոց ցեղասպանության   արհավիրքների եւ օտար ափերում վերապրել փորձող հայտարագիրների մասին գրեթե փաստագրական   ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործն արժանացել է միջազգային մամուլի եւ գրական շրջանակների   բարձր գնահատականներին:

««Շշուկների մատյանը»   թովչական գեղեցկության վեպ է, հենց ինքնին Պատմությունը»,- գրում է իսպանական Էլ   Պաիս (El Pais) թերթը: «Ամենից առաջ Վարուժան Ոսկանյանը հայոց խիղճն էՙ մահից ու   վերապրումից հունցված հիշողություն ժառանգած գրող», ավելացնում է վենեսուելական Էլ   Նասիոնալը (El Nacional):

««Շշուկների մատյանը»   հայ ժողովրդի տառապանքների հիմնը հանդիսացող բացառիկ երկ է»,- իր հերթին վկայում   է արգենտինյան Լա Նասիոնը (La Nacion): ««Շշուկների մատյանը» 2011 թ. Աշնանն Իտալիայում   հրատարակված լավագույն գիրքն է»,- նշում է իտալական Կորիերե դելլա Սերան: ««Շշուկների   մատյանը» հազվադեպ գլուխգործոց էՙ վերջին տարիների համաշխարհային գրականության ամենացայտուն   եւ արժեքավոր ստեղծագործություններից մեկը»,- կարծիք է հայտնում իսրայելական Հաարեցը   (Haaretz): Իսրայելում վեպն արժանացավ այնքան մեծ ընդունելության, որ երեք ամսվա   մեջ ունեցավ երկու հրատարակություն:

«Այս գիրքն արժանի է,   որ աշխարհի բոլոր գրողների կողմից ներկայացվի գրականության Նոբելյան մրցանակի,- Թել   Ավիվում անցյալ հոկտեմբերին վեպի ներկայացմանն ասաց Իսրայելի Գրողների միության նախագահ   Հերցել Հակակը,- այս մրցանակն արժանին կմատուցի գրողին, որ միաժամանակ հաջողել է   ստեղծել ճշմարիտ դասական գրական գործ, ինչպես նաեւ ցնցող ու կենդանի վկայություն   տվել հայ ժողովրդի տառապանքների եւ ցեղասպանության մասին: Նման մրցանակը աշխարհի   խիղճը կբեւեռի այս աղետի վրա եւ խորություն կհաղորդի այս սարսափելի ոճրագործության   ճանաչմանը»:

Հենց այս պատճառով վեպը   գլխացավանք է դարձել թուրքական իշխանությունների համար, որոնք բոլոր միջոցներով փորձում   են խանգարել դրա թարգմանությունն ու տարածումը: Ռումինիայում Թուրքիայի դեսպանությունը   բողոքի նամակով դիմել էր այդ երկրի իշխանություններին, երբ անցյալ սեպտեմբերի   21-ին Բուխարեստի թանգարաններից մեկում «Շշուկների մատյանի» շուրջ կազմակերպվել էր   հանդիպում Վարուժան Ոսկանյանի հետ: Հայտնի է դարձել, որ դեռեւս 2009 թ. Անկարան պաշտոնակա   միջամտությամբ փորձել է կանխել վեպի ռումիներեն հրատարակումը: Կառավարական եւ դիվանագիտական   խողովակներով թուրքերը, որոնց վերջերս միացել են նաեւ ադրբեջանցիները, ճնշումներ   են գործադրում տարբեր մայրաքաղաքներում` թույլ չտալու Վարուժան Ոսկանյանի մասնակցությունը   Փարիզի Գրքի սալոնին: Բանն այն է, որ Ոսկանյանը ոչ միայն հայ է, այլեւ Ռումինիայի   ներկա կառավարության անդամ, ուր զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի ծանրակշիռ պաշտոնը:

Մինչեւ ո՞ւր կհասնեն   Անկարայի եւ Բաքվի ձեռքերը` ազատվելու համար այդ համառ հայի գլխացավանքից: Առայժմ   «Շշուկների մատյանը» շարունակում է սրտեր եւ մտքեր գրավել: