Hayern Aysor (The Armenians Today) the official site of the Ministry of Diaspora of the Republic of Armenia publishes an interview with the author of „The Book of Whispers”

Վարուժան Ոսկանյան

«Շշուկների մատյանը» 20-րդ դարի կենսագրությունն է՝ հայերեն տառերով»

Ռումինահայ գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գիրքը մեկ անգամ ևս «ստիպեց» աշխարհին խոսել մի «Փոքրիկ ժողովրդի Մեծ ցավի» մասին։ Խոսեց շշուկով, կիսաձայն, աղոթքի նման, բայց այնքան լսելի, որ ներողամիտ և վրեժխնդրություն պահանջող մարդկանց շշուկին միացավ աշխարհը։
«Շշուկների մատյանը» ծնվեց Ռումինիայում, նրան «ճանաչեց» աշխարհը, իսկ այսօր «վերադարձավ» իր արմատին, վերադարձավ հայրենիք։ Եվ օրերս տեղի ունեցավ գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Վարուժան Ոսկանյանի հետ, ում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց «Վիլյամ Սարոյան» մեդալով։

Պարո´ն Ոսկանյան, ինչպես «Շշուկների մատյանը» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեցիք, գիրքը վերադարձավ իր արմատներին։ Սպասված վերադարձ էր հայ ընթերցողի համար, իսկ Ձե՞զ համար։

– Շնորհանդեսի մասին կարող եմ ասել հետևյալը. գիրքը վերադարձավ հայրենիք՝ Հայաստան։ Ուրախ եմ և անչափ հպարտ։

Մենք՝ հայերս, պետք է ունենանք ոչ միայն մեր ողբերգության, այլ նաև ինքնության մատյանը։
«Շշուկների մատյան» գիրքը օտարներին փորձեցի ներկայացնել որպես մեր ինքնության «դասագիրք», իսկ մեզ համար՝ որպես սաղմոս։ Ինչո՞ւ սաղմոս, որովհետև գիրքը տանջանքների, մելամաղձությունների և հույսերի ժողովածու է։

Գիրքը բնագրով՝ ռումիներենով, ինչպե՞ս է կոչվում։

– Կոչվում է «Cartea soaptelor», եթե բառացի թարգմանենք՝ «Շշուկների գիրք»։ Մյուս լեզուների մեջ մատյան բառը չկա։ Իսկ հայերենում մատյանը ոչ միայն գիրք է նշանակում, այլ նաև մի «իր», որը հրաշքներ կարող է գործել, կարող է փրկել։ Այդ պատճառով է, որ Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը գործածում էին վերքերի բուժման համար։ Երբ բժիշկներն այլևս անկարող էին, մարդիկ հույս ունեին, որ գիրքը կարող է հրաշքներ գործել և հիվանդին փրկել։

Ու երբ թարգմանիչներն ինձ առաջարկեցին օգտագործել մատյան բառը, ես միանգամից համաձայնեցի։

Պարո´ն Ոսկանյան, հետաքրքիր է՝ առայսօր «Շշուկների մատյանը» ի՞նչ հրաշքներ է գործել։

– Այս գիքը տպվեցավ մի քանի լեզուներով՝ իսպաներեն, իտալերեն, եբրայերեն։ Հաջորդ տարի հրատարակվելու է գերմաներեն, ֆրանսերեն, շվեդերեն, բուլղարերեն, ինչպես նաև արաբերեն, ռուսերեն, պարսկերեն, անգլերեն։
Այն հրաշքը գործեց, որ մեր Ցավը ներկայացրինք աշխարհին ոչ միայն քաղաքական կամ դիվանագիտական ասպարեզով, այլ նաև մշակութային ճամփով, որը ամենից ուղիղն է։

Մշակույթի մեջ չկա հաղթող և պարտվող, եթե մեկին հաղթես՝ մշակույթը գործածելով, ապա նա քո թշնամին չի լինի, այլ կլինի քո մշտական բարեկամը։

Կարևոր է նաև այն, որ մշակույթը դիպչում է ընթերցողի սրտին և կարողանում է համոզել ավելի, քան քաղաքականությունը։

Ցեղասպանության ճանաչման համար, հատկապես մինչև 2015 թվականը, մենք պետք է օգտագործենք մշակութային քաղաքականությունը։

Իսկ ինչո՞ւ «շշուկով», այլ ոչ թե բարձրաձայն։

– Երբ Տեր հոր մոտ խոստովանության ես գնում, շշուկ կը գործածես, չես բոռալ, որովհետև անկեղծ պետք է լինես։ Երբ երկու սիրտ մոտ են իրար, իրենք շշուկ կգործածեն: Երբ հեռու են, այդժամ կգոռան։

Ուրեմն՝ շշուկը սիրո խորհուրդն ունի, շշուկը անկեղծություն, սիրել և միևնույն ժամանակ մոտեցում է նշանակում։
Մարդիկ, ովքեր միմյանց հետ շշուկով են խոսում, այդ մարդիկ կը պատկանեն նույն արմատին։

Ինչպես մեծ հայրս էր ասում գրքի սկզբում, մենք տարբեր ենք, որովհետև մեր նահատակները ունենք։ Մենք բացառիկ ժողովուրդ ենք, որովհետև մեր հիշողությունը անցյալին չի պատկանում, մենք մեր հիշողության հետ ենք ապրում։ Մեր անմեղ զոհերը գերեզման չունեցան, նրանք մեզ հետ են ապրում, մեզ հետ սեղան են նստում, մեզ հետ բազմանում են, մեզ հետ հույս են տածում ••• Այդ պատճառով՝ մենք կիսված ենք։ Մեր մի կեսը ապրում է այս աշխարհում, մյուս կեսը՝ մեր նահատակների հետ։

Մեզ համար Ցեղասպանության ճանաչումը նշանակում է, որ այդ երկու աշխարհները կմիանան և մի ձևով կամբողջանան։ Այդ պատճառով մեզ համար մոռանալը անձնասպանության է հավասար։

Պարո´ն Ոսկանյան, ինպե՞ս է գիրքը ստեղծվել։

– Սկզբում սկսեցի պատմվածքներ գրել։ Առաջին գլուխը գրեցի և մտածեցի, որ որոշ բաներ պետք է ավելացնեմ։ Եվ ավելացնելով՝ կամաց-կամաց այս քանակությունը ունեցավ։

Ի սկզբանե այս տեսակ վեպ չէի նախատեսել գրել։ Գիրքը մարդու նման է։ Մարդու ծնվելուց հետո չես կարող ասել՝ երբ նա մեծանա, ինչ հասակ, ուժ, ճակատագիր պետք է ունենա։ Այդպես էլ իմ այս գիրքը մարդու պես մեծացավ։ Մեծացավ, բայց այն վերջ չունի։

Եթե գրքի վերջին էջը կարդաք, կնկատեք, որ ընթերցողն էլ իր պարտականությունը ունի։ Գիրքը եզրակացություն չի անում, որոշում չի տալիս։ Գրքի հեղինակը ո´չ դատավոր է, ո´չ դատախազ։ Նա վկա է և իր վկայությունն է տալիս՝ վերջին որոշումը թողնելով ընթերցողին։

Հետաքրքիր է, որպես ընթերցող, ի՞նչ որոշման եք դուք հանգել։

– Ես՝ իբրև ընթերցող, կը մտածեմ, որ վրեժը հարմար ճամփան չէ, որովհետև վերքը չի բուժվում՝ ուրիշ վերք բանալով։ Ամեն մի վերք ուրիշ վերք կպահանջե, և մարդու ցավը չի անցնի՝ ուրիշին ցավ պատճառելով։
Քո աչքերի արցունքները չպետք է քեզ խոչընդոտ լինեն, որ դու դիմացինիդ արցունքները տեսնես։
Մոռանալը, ինչպես ասացի, մեզ համար անձնասպանություն է, որովհետև անցյալը, հիշողությունը մեր ներկայիս կյանքի մասն են կազմում։

Ներելը ամենահարմար ճամփան է, բայց ներելը մեծ պատասխանատվություն է։ Իրավունք չունես ներել, եթե դիմացինդ արժանի չէ քո ներմանը։ Եթե դիմացինդ այն փաստը չտա, որ նման բան այլևս չի պատահի, իր հանցանքը չընդունի և քո տանջանքներն ու զոհողությունները չհարգի։

Մենք այս վայրկյանին չենք կարող ներել, որովհետև դիմացինդ ներողության արժանի չէ։

Գրքի հաջողությունը ինչո՞վ է պայմանավորված, հատկապես՝ օտար ընթերցողների շրջանում։ Ինչո՞ւ է մեր ցավը նրանց այդքան հուզել։

– Ես կարծում եմ, որ մարդկության միջուկ մը կա, որը հասանելի է բոլորին։
Եթե որևէ գրքում որևէ ժողովրդի տանջանքները, զոհողությունները, ավանդույթները գրականորեն լավ նկարագրված են, և գրքի մշակութային մակարդակը բարձր է, օտար ընթերցողի համար այն կարող է իր իսկ հայելին դառնալ։ Նա կարող է իր համապատասխան անցյալը հիշել։

Օրինակ՝ Իսպանիայում այս գրքի առիթով իսպանացիները նորից բարձրացրեցին 1930-ական թվականների պատերազմի հարցը։ Հանդիպումներից մեկի ժամանակ ինձ հարցրին, թե ինչպե՞ս պետք է վերաբերվեն իրենց նահատակներին (թե´ հանրապետական, թե´ ֆաշիստ), ովքեր թաղված են նույն անանուն փոսերի մեջ։ Ես պատասխանեցի• «Ձգեցե´ք, որ նահատակները հաշտվեն իրար հետ։ Եթե նահատակները չհաշտվեն, դուք ոչ մի վայրկյան հանդարտություն չեք գտնի»։
Կոլումբիայում էլ իրենց հարցերը բարձրացրին։ Հարցրին, թե հայ ժողովրդի փորձառությունը, ընտրանքը՝ մոռանալ, ներել կամ վրեժ լուծել, արդյո՞ք իրենց համար արդյունավետ կլինի։ Իրենց նախագահը գիրք գնեց, որպեսզի կարդա և ներշնչվի հայ ժողովրդի փորձառությունից։

Այս ամենով կուզեմ փաստել, որ «Շշուկների մատյան» գրքով ես 20-րդ դարի կենսագրությունը գրեցի՝ հայկական տառերով։ Բայց տողատակը, իմաստը գրեթե նույնն է բոլոր ժողովուրդների համար։
Շատ ժողովուրդներ անցան նման տանջանքների միջով, և կարող եմ ասել, որ ամեն մի ժողովուրդ, ամեն մի ժամանակ իր «շշուկների մատյանն» ունի։ Միայն թե պետք է մեկը, որ պատմի։

Պարո´ն Ոսկանյան, գրքի ո՞ր հատվածը, պատմությունը, կերպարն է Ձեզ հոգեհարազատ։

– Նախ ուզում եմ շեշտել, որ գիրքը հիմնված է փաստաթղթերի և վկայությունների վրա։ Հիմա էլ կան վերապրողներ, ովքեր կարող են փաստել, որ այս բաները իրական են։

Ինձ ամենից մոտը Հարթին Ֆրինկյանի պատմությունն է (մարդ, ով շաքարի արքայից դարձավ աղի ուտելիքների վաճառական), որը կփաստե, թե ինչքան զորավոր է հայի մեջ կյանքի ուժը, ուժ, որը օգնում է նրան վերապրել։
Հետո կա Լևոն Զոհրապի պատմությունը, ով գնաց անապատ, որպեսզի գտնի իր հոր դիակը և թաղի։
Միքայել Նորատունկյանը, ով փորձեց մեծ Հայաստան կազմել՝ մասոններին օգտագործելով։

Հետո Օնիկ Թոքատլյանը, ով անձնասպան եղավ, որ չդավաճանե։

Վեպում շատ անձնավորություններ զորավոր են, և այդ ուժը գալիս է հայ ժողովրդի հրաշալի ուժից՝ դիմադրելու և վերապրելու։

Եթե ես այսօր Հայաստանում եմ և հայերեն եմ խոսում, նույն գաղափարներն ենք բաժանում, նույն ավանդությունները ունենք. սա հրաշք է։

Ասել է թե՝ Սփյուռքում ապրող երկրորդ սերնդի ներկայացուցիչը, աննպաստ պայմանների մեջ, առանց հայկական դպրոցի, առանց աշխարհիկ կազմակերպությունների, համայնքային կյանքի դիմացավ և վերադարձավ իբրև հայ՝ իր հայրենիք։ Ուրեմն՝ հայրենիք ունենալն էլ հրաշք է։

Ես կարող եմ ասել, որ շատ մեծ վստահություն ունեմ հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ, և այդ վստահության փաստը աղջիկս է, ով արդեն երրորդ սերունդն է։ Նա 1992 թվականին է ծնվել և սքանչելի հայերեն է խոսում։ Անունը Արմինե է, Արմինե, որպեսզի ճակատի վրա գրված լինի իր ծագման գաղտնիքը։

Զրուցեց Լուսինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

http://www.hayernaysor.am/1353656385#.UL8uuOyr6gk.email