Gayane Mkrtician and Kamar Newspaper in Yerevan: „The Book of Whispers, a novel of a fascinating beauty”
«Ես իմ պարտականությունը կատարեցի ռումիներեն».
Վարուժան Ոսկանյան
<<Շշուկների մատյանը հազվագյուտ գլուխգործոց է, վերջին տարիներին համաշխարհային գրականության ամենացայտուն և արժեքավոր ստեղծագործություններից մեկը>>:
Իսրայելական <<Հաարեց>> թերթ
Հայոց ցեղասպանության թեմայով վերջին տասնամյակում աշխարհում շատ բարձրարժեք գործեր են գրվել՝ <<Ճակատագրի սև շունը>> և <<Այրվող Տիգրիս>> վեպերը /Փիթեր Բալաքյան/, <<Զաբել>> /Նենսի Գրիգորյան/, <<Ավազե ամրոցի աղջիկները>> /Քրիս Բոհջալյան/ և այլն: Բոլորն էլ տարբեր մրցանակների արժանացած, տարվա բեսթսելերներ համարված, սակայն 2009 թվականին Ռումինիայում լույս տեսած Վարուժան Ոսկանյանի <<Շշուկների մատյանն>> աննախադեպ հաջողություն ունեցավ և շարունակում է սրտեր գրավել` համարվելով <<թովչական գեղեցկության վեպ>>: Մատյանի հաջողությունը համեմատելի է Ֆրանց Վերֆելի <<Մուսա լեռան 40 օրը>> վեպի հետ, ինչի հետ համաձայն է նաև հեղինակը, սակայն մեկ կարևոր տարբերություն է նշում.<<Ես այս պատմությունը դիտել եմ բանտախցի ներսից, իսկ Ֆրանց Վերֆելը՝ դրսից>>: Ի դեպ, մատյանը գերմաներեն հրատարակվել է <<Պաուլ Ժոլնայ>> տպագրատանը, որը ժամանակին հրատարակել էր <<Մուսա լեռան 40 օրը>>:
Ծավալուն վեպի գլխավոր հերոսը պապը՝ Կարապետ Ոսկանյանն է, ով օրվա ոչ մի պահի չի մոռանում Աֆիոն Գարահիսարի իր հարազատներին, և թոռանը լռելյայն հանձնարարում է բարձրաձայնել Ցեղասպանությունից փրկվածների շշուկները, ինչպես նաև պատմել արդարադատ Արշավիր Շիրակյանի, Արամ Երկանյանի, Թեհլերյանի և զորեղ գրչով՝ Միսակ Թորլաքյանի մասին: Սպանված յոթնամյա եղբոր համար իր քանդակած փայտե ձիուկը ձեռքին՝ Թորլաքյանը վրիժառության երդում տվեց և 1921 թվականին Պոլսում գնդակահարեց Բեհբուդ խան Ջիվանշիրին: Վեպի լավագույն հատվածներից մեկը: Իսկ լավագույնները շատ են:
<<Շշուկների մատյանը>> թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հայերեն /Երևանում և Բուխարեստում/, եբրայերեն: Իսրայելում երեք ամսվա մեջ ունեցել է երկու հրատարակություն, իսկ Իսրայելի գրողների միության նախագահ Հերցել Հակակը գրել է.<<Այս գիրքն արժանի է, որ աշխարհի բոլոր գրողների կողմից ներկայացվի Նոբելյան մրցանակի>>:
Ասել ու արել են. 2013 թվականին Նոբելյան կոմիտեին են դիմել Իսրայելի, Ռումինիայի և Հայաստանի գրողների միությունները: Իսրայելի կողմից ներկայացված հայտում նշված է. որ <<զուսպ լեզվով ու աղեկտուր ցավով>> գրված մատյանն արժանի է գրականության Նոբելյան մրցանակի, քանզի.<<Այս օրերին աշխարհը նշում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, որի տպավորիչ վավերագրությունը Վարուժան Ոսկանյանը <<Շշուկների մատյանում>> վերածում է այդ անհանդուրժելի Ցեղասպանության հիշատակի մոմի>>:
1958 թվականին ծնված Վարուժան Ոսկանյանն արձակ ու չափածո մի քանի գրքերի հեղինակ է, և իր գլխավոր գրքի՝ մատյանի մասին ասում է.<<Գրքի անունը <<Շշուկների մատյան>> պիտի լինի, ինչպես Նարեկացու <<Մատյան ողբերգության>>-ը, քանի որ այդպիսի գիրքը ոչ միայն կարդալու, այլև փրկելու համար է>>: Իսկ գրքում ամեն ինչ իրական է, հայերի մասին ամեն ինչ ունի իր համապատասխան փաստաթուղթը. <<Կարող եմ ասել, որ հենց ծնվեցի, սկսեցի գրել այդ գիրքը, քանի որ այնտեղ եմ հավաքել իմ բոլոր հիշողությունները>>: Իսկ ինչո՞ւ ռումիներեն հարցին Վարուժան Ոսկանյանը նույնպես պատասխան ունի: Հայերենն ավելի մոտ է նրան, աղոթելիս հայերեն է միտքն ու խոսքը, բայց նաև ասում է. <<Ես իմ պարտականությունը կատարեցի ռումիներեն>>: Իսկ իր դուստրն ավելի լավ է հայերեն խոսում, ինչը նույնպես հաջող իրագործված պարտականություն է: Վարուժան Ոսկանյանը գրել է կարևորի մասին, և այդ մասին վեպում ասված է.<<Շշուկների մատյանն ինչ-որ չափով արտասովոր է, որովհետև, ի տարբերություն այլ պատմությունների, որտեղ մահն ընդամենը մի մանրամասնություն է, իսկ մահից, ուրեմն նաև կյանքից ավելի կարևորը հիշողությունն է>>:
Իսպանախոս երկրներում մատյանն աննախադեպ հաջողություն ունի և համարվում է մարկեսյան շնչով վեպ: Իսպանիայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Չիլիում ու Արգենտինայում վեպի վերաբերյալ 300 էջ գրախոսություն է հրատարակվել: 2013 թվականին Բոգոտայում <<Գաբրիել Գարսիա Մարկես>> գրական փառատոնի տարվա պատվավոր հյուրը Վարուժան Ոսկանյանն էր, իսկ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը հիացած է վեպով: Հայաստանում գրքով հետաքրքրված չեն պաշտոնյաները, գրողները, քննադատները, ընթերցողները: Զարմանալի սառն ու անտարբեր ընդունելություն, որը հույս ունենք, կմեղմանա Նոբելյան կոմիտեի հնարավոր, հավանական, ցանկալի, ֆանտաստիկ ու արժանի որոշումից հետո:
Գայանե Մկրտչյան
15 2014
http://www.kamartert.am/index.php?include=simplenews&id=1232