Azg Armenian Newspaper: „The Book of Whispers is the touching story of every Armenian family”

http://azg.am/AM/culture/2014030702

ՆՈԲԵԼՅԱՆ

Տեղադրվել   է` 2014-03-07 00:26:29 (GMT +04:00)

ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ «ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ» ՎԵՊԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ   ԷՄեր   ընթերցողները ծանոթ են ռումինահայ գրող եւ քաղաքական-պետական գործիչ Վարուժան   Ոսկանյանին: Մեր թերթը առիթ ունեցել է անդրադառնալու նրա   ստեղծագործություններին, հատկապեսՙ 2012 թ. Երեւանում հայերեն առաջին անգամ   լույս տեսած նրա «Շշուկների մատյան» վեպին, որ մեր գրասերների շրջանում արտակարգ   ջերմ ընդունելության արժանացավ: Եվ դա հասկանալի էր: Այդ վեպը, սյուժեն, սրտամոտ   են յուրաքանչյուր հայի: Մեծ եղեռնից հետո ամեն մի հայ ընտանիք, ուղղակի կամ   անուղղակի անցել է նման դաժան փորձությունների միջով, գոյատեւել եւ հարատեւել   զարմանալի կենսունակությամբ: Պատահական չէ նաեւ, որ վեպը, որն արդեն ունեցել է   12-ից ավելի լեզուներով հրատարակություն, շատ բարձր է գնահատվել միջազգային   մամուլի եւ գրականագետների կողմից: Վեպի հյուսվածքը, պատմելաոճը, նկարագրվող   անցքերը գրավիչ են միջազգային գրական չափանիշներով նաեւ: Եվ բնավ զարմանալի չէ,   որ Իսրայելի Գրողների միության նախագահ Հերցել Հակակը, մի հրաշալի գրախոսականով,   որտեղ զուգահեռներ է անցկացնում Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հետ, Վ.   Ոսկանյանի ստեղծագործությունը ներկայացրել է 2013 թ. Նոբելյան գրական մրցանակի,   ինչը նախապես արել էին Ռումինիայի եւ Հայաստանի գրողների միությունները:Կողքի   սյունակներում ներկայացնում ենք վեպի մասին միջազգային մամուլի գրախոսականներից   հատվածներ, որոնք մեզ է տրամադրել Ռումինիայում Հայաստանի դեսպան, «Ազգ»   օրաթերթի հիմնադիր կազմի անդամ եւ նախկին խմբագիր Համլետ Գասպարյանը:

Խմբ.


ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ   ՏՎՅԱԼՆԵՐ

Վարուժան   ՈՍԿԱՆՅԱՆ: Ռումինահայ պետական-քաղաքական գործիչ, տնտեսագիտության դոկտոր, գրող:   Ծնվել է 1958թ. հուլիսի 25-ին, Կրայովայում, գաղթական հայերի ընտանիքում:   Ավարտել է Ֆոկշանի Ալեքսանդրու Յոն Կուզա լիցեյը, այնուհետեւ Բուխարեստի   տնտեսագիտական համալսարանը եւ Բուխարեստի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը:   1989 թ. մասնակցել է Ռումինիայի հեղափոխական շարժմանը, դարձել Ազգային միության   ժամանակավոր խորհրդի անդամ (1990թ.): 1990-1992թթ. եւ 1992-1996թթ. եղել է   Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ,   Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ (1993թ.), իր իսկ հիմնադրած Աջ   ուժերի միություն կուսակցության նախագահ (1996-2003թթ.), որով միացել է   Ազգային-ազատական կուսակցությանը (PNL) եւ դարձել վերջինիս փոխնախագահ:   1996-2000թթ. եւ 2004թ. մինչեւ այսօր սենատոր, Սենատի էկոնոմիկայի,   արդյունաբերության եւ ծառայությունների հանձնաժողովի նախագահ, 2006-2007թթ. եղել   է էկոնոմիկիայի եւ առեւտրի, իսկ 2007-2008թթ. էկոնոմիկայի եւ ֆինանսների   նախարար: 2012թ. վերընտրվել է Սենատում, այնուհետեւ նշանակվել էկոնոմիկայի   նախարար (հրաժարական է տվել 2013թ. հոկտեմբերին, քաղաքական նպատակներով իր դեմ   հարուցված սկանդալային աղմուկից հետո, պահպանելով Սենատում իր աթոռը):

Վարուժան   Ոսկանյանը Ռումինիայի Հայոց միության հիմնադիրներից է (1990թ.) եւ նրա անփոփոխ   նախագահը, ինչի շնորհիվ վերակազմակերպվում է մեծ ավանդույթներ ունեցող   համայնքային կյանքը: Որպես էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար իր պաշտոնավարման   շրջանում Վ. Ոսկանյանը կառավարական բյուջեից խոշոր միջոցներ է հատկացրել   Ռումինիայի հայկական եկեղեցիների վերանորոգման համար: Նա նպաստել է նաեւ «Արարատ»   հրատարակչությանը, «Արարատ» եւ «Նոր Կյանք» պարբերականներին, հայկական միօրյա   դպրոցներին եւ Հայոց միությանը պետության կողմից զգալի միջոցների հատկացմանը:

Թեեւ նա   հայկական կրթություն չի ստացել, սակայն ընտանեկան ավանդույթների եւ անձնական   կարողությունների շնորհիվ վարժ հայախոս է, գրում եւ կարդում է հայերեն, նույնիսկ   վաղ երիտասարդության տարիներին դասավանդել է Բուխարեստի Հայոց միօրյա դպրոցում:

Նրա կինը`   Միահելա Ոսկանյանը, ռումին ճանաչված կոմպոզիտոր է եւ Բուխարեստի կոնսերվատորիայի   պրոֆեսոր: Հայախոս աղջիկը` Արմենուհին, ուսանում է Բուխարեստի համալսարանի   արվեստի ֆակուլտետում:

Վարուժան   Ոսկանյանը բազմաշնորհ ու վառ անհատականություն է, ռումիներենից ու հայերենից   բացի վարժ խոսում է նաեւ անգլերեն, ֆրանսերեն եւ իտալերեն: Նա ընդգծված հայկական   ինքնություն ունի եւ, ռումինական պետական-քաղաքական կյանքում բարձր դիրք   գրավելով հանդերձ, ընկալվում է որպես հայ:

Վարուժան   Ոսկանյանն իր արտասահմանյան պաշտոնական այցերի ժամանակ առիթը բաց չի թողնում   հանդիպելու տեղական հայկական համայնքների եւ հայ դեսպանների հետ: Նման   հանդիպումներ նա անցկացրել է ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում,   Ավստրիայում, Լեհաստանում, Չեխիայում, Բուլղարիայում, Բելգիայում, Իսրայելում,   Լիբանանում, Արգենտինայում, Կոլումբիայում: Վարուժան Ոսկանյանն ի պաշտոնե եւ   որպես ՌՀՄ նախագահ հաճախակի այցելում է Հայաստան:

Քաղաքական-հասարակական   գործունեությանը զուգահեռ, Վարուժան Ոսկանյանը ճանաչված ռումինագիր գրող է,   Ռումինիայի Գրողների միության առաջին փոխնախագահը: Նրա գրական գործերից են   բանաստեղծությունների երեք հատորները` «Կապույտ Շամանը» (Samanul albastru   (1994), «Թագուհու սպիտակ աչքը» (Ochiul cel alb al reginei (2001), «Հազարաթեւ   Հիսուսը» (Iisus cu o mie de brate (2005), ինչպես նաեւ «Կոմանդորի արձանը»   (Statuia comandorului (1994) եւ Jocul celor o suta de Frunze si alte   povestiri), «Հարյուր տերեւների խաղը եւ այլ պատմվածքներ» (2013) արձակ   ժողովածուները:

2009 թ. նա   հրատարակեց «Շշուկների մատյան» (Cartea soaptelor) վեպը, որը համարվեց   Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը: «Շշուկների Մատյանն»   ստացել է Ռումինական Ակադեմիայի 2009թ. գրական գլխավոր մրցանակը: Վեպը   ներկայացվել է Գրքի միջազգային մի շարք տոնավաճառներում, արժանացել եւրոպական   գրական աշխարհի, մամուլի եւ ընթերցողների ուշադրությանը, որոնց գնահատմամբ այն   ժամանակակից եվրոպական գրական երեւույթներից է:


«Շշուկների   մատյան» վեպը լույս է տեսել 2009թ. Բուխարեստում եւ դարձել հրատարակչական տարվա   ամենաբարձր գնահատականի արժանացած եւ ամենաշատ մրցանակներ ստացած գործերից մեկը:   Վեպի հրատարակումից ընդամենը երեք ամիս անց, իսպանական Պրե-Տեքստոս (Pre-Textos)   հրատարակչությունը ռումինական Պոլիռոմ (Polirom) հրատարակչությունից ձեռք բերեց   այն իսպաներեն հրատարակելու իրավունքը:

Իսպաներեն   տարբերակը լույս տեսավ 2011թ. սկզբին Խոակին Գարիգոսի (Joaquin Garrigցs)   թարգմանությամբ, եւ նույն տարվա օգոստոսին թողարկվեց նաեւ Արգենտինայում,   հեղինակի եւ թարգմանչի ներկայությամբ:

Մարկեսյան   շնչով գրված վեպը մեծ ժողովրդականություն է վայելում իսպանախոս երկրներում:Վեպի   վերաբերյալ Իսպանիայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Չիլիում ու   Արգենտինայում լույս է տեսել ավելի քան 300 էջ գրախոսություն: Բոգոտայում,   Գաբրիել Գարսիա Մարկես գրական փառատոնի կազմակերպիչները 2012թ. սեպտեմբերին   որպես տարվա պատվո հյուր հրավիրել էին Վարուժան Ոսկանյանին: Կոլումբիայի նախագահ   Խուան Մանուել Սանթոսն անձամբ հետաքրքրված է վեպով, որի ընթերցումը, նախագահի   իսկ խոստովանությամբ, նրան օգնում է Կոլումբիական զինյալ հեղափոխական ճակատի հետ   (FARC) խաղաղության փնտրտուքի ճանապարհին:

Իսպաներենի   կողքին 2011թ. սեպտեմբերին լույս է տեսել նաեւ իտալերեն հրատարակությունը` Անիտա   Բեռնակիայի (Anita Bernacchia) թարգմանությամբ, Կելլեր Էդիտորե (Keller Editore)   հրատարակչատան կողմից:

2012թ.   «Շշուկների մատյանը» հեղինակի միջամտությամբ լույս տեսավ նաեւ Երեւանում,   հայերեն` որպես երկրորդ բնագիր (հայերեն 2-րդ վերանայված հրատարակությունը լույս   տեսավ նույն տարվա աշնանը Բուխարեստում), եւ Երուսաղեմում եբրայերեն` Անի Շիլոնի   (Any Shilon) թարգմանությամբ, Հակիբուց Համեուխադ (Hakibbutz Hameuchad   Publishing House Ltd.) հրատարակչատան կողմից:

Վեպը   ֆրանսերեն լույս է տեսել Սիրտ (Syrtes) հրատարակչության կողմից, Մարիլի լե Նիրի   (Marily le Nir) ու Լոր Հինկելի (Laure Hinckel) թարգմանությամբ, ինչը   իրազեկների գնահատմամբ լավագույններից մեկն է: Այն 2013թ. մարտին ներկայացվել է   Փարիզի Գրքի սալոնում, ուր Պատվո հյուրն էր Ռումինիան:

2013թ.   «Շշուկների մատյանը» լույս տեսավ նաեւ գերմաներեն Էռնեստ Վիխների (Ernest   Wichner) թարգմանությամբ, ավստրիական հեղինակավոր Պաուլ Ժոլնայ (Paul Zsolnay)   հրատարակչատան կողմից, բուլղարերեն` Վանիան Բոժիկովայի թարգմանությամբ: Աս տարի   հունվարին վեպը լույս կտեսնի նաեւ շվեդերեն` Բոննիեր (Bonnier) հրատարակչական   խմբի կողմից:

Վարուժան   Ոսկանյանն արդեն պայմանագիր է կնքել հունգար եւ չեխ հրատարակիչների հետ:

«Շշուկների   մատյանը» պատմում է Հայոց ցեղասպանության եւ 20-րդ դարի սարսափների մասին.   Երիտթուրքեր, ֆաշիզմ, ստալինիզմ, գուլագներ, Չաուշեսկու, որոնց թանձր նստվածքը   մնացել է մինչեւ այսօր մարդկանց մտքերում եւ հոգիներում: Ցեղասպանության   արհավիրքների եւ օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե   փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործն արժանացել է միջազգային   մամուլի եւ գրական շրջանակների բարձր գնահատականներին:

«Շշուկների   մատյանը» թովչական գեղեցկության վեպ էՙ հենց ինքնին Պատմությունը», գրում է   իսպանական «Էլ Պաիս» (El Pais) թերթը: «Ամենից առաջ Վարուժան Ոսկանյանը հայոց   խիղճն էՙ մահից ու վերապրումից հունցված հիշողություն ժառանգած գրող»,   ավելացնում է վենեսուելական «Էլ Նասիոնալը» (El Nacional): «Շշուկների մատյանը»   հայ ժողովրդի տառապանքների հիմնը հանդիսացող բացառիկ երկ է», իր հերթին վկայում   է արգենտինյան «Լա Նասիոնը» (La Nacion): «Շշուկների մատյանը» 2011 թ. աշնանն   Իտալիայում հրատարակված լավագույն գիրքն է», նշում է իտալական «Կորիերե դելլա   Սերան» (Corriere della sera): «Շշուկների մատյանը» հազվադեպ գլուխգործոց էՙ   վերջին տարիների համաշխարհային գրականության ամենացայտուն եւ արժեքավոր   ստեղծագործություններից մեկը», կարծիք է հայտնում իսրայելական «Հաարեցը»   (Haaretz):

Վարուժան   Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի գերմաներեն հրատարակությունից ընդամենը երկու   ամիս հետո Ավստրիայի, Գերմանիայի եւ Շվեյցարիայի գրական մամուլում հայտնվեցին   լայնածավալ նյութեր բարձր գովասանքի խոսքերով: Գերմանալեզու խոշոր   պարբերականները գովում են «Շշուկների մատյանը»: Frankfurter Allgemeine   Zeitung-ը գրում է. «Շշուկների մատյանը հրաշալի վեպ է, որը պատկանում է համաշխարհային   գրականությանը` հավանաբար լինելով 21-րդ դարի հանրագիտարաններից մեկը, այնքան   հրաշալի է, որ շունչդ կտրվում է»: «Հրաշալի վեպ, որը համոզիչ է ոչ միայն գրական   տեսանկյունից, այլ նաեւ որպես հիշողությունների փաստաթուղթ», խորագրում է   պարբերականը` ստորագրված Սաբին Բերկրինգի (Sabine Berkring) կողմից: Գրող,   թարգմանիչ եւ հանրահայտ Literaturhaus Berlin-ի տնօրեն Էրնեստ Վիքների (Ernest   Wichner) կողմից «հրաշալի ու անթերի» թարգմանված Շշուկների մատյանը «իսկապես այս   դարի գրքերից մեկն է»,- նշում է FAZ-ում տպագրված նյութի հեղինակը, ով համոզված   է, որ Ոսկանյանի վեպը «ներկայացնում է ոչ միայն սարսափելի տառապանքների վկայություն,   այլ նաեւ այս ժողովրդի դիմակայելու ուժը, եւ կարող է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան   40 օրը» վեպի կողքին մտնել համաշխարհային գրականության պատմության մեջ»:

Ի դեպ,   ավստրիական Պաուլ Ժոլնայ (Paul Zsolnay) հրատարակչատունը ժամանակին հրատարակել   էր նաեւ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»: Այս ձեւով հրատարակչությունը   «Շշուկների մատյանը» ձոնում է «Մուսա լեռան 40 օրը» գրքի լույս ընծայման   80-ամյակին: «Իմ վեպը հայ ժողովրդի ողբերգությունը պատմում է այլ կերպ, քան   Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», իր հերթին ասում է Վարուժան Ոսկանյանը: «Որպեսզի   հասկանաք, բացատրեմ պատկերավոր. ես այս պատմությունը դիտել եմ բանտախցի ներսից,   իսկ Ֆրանց Վերֆելը` դրսից»:

Ավստրիացի   հեղինակավոր գրող եւ խմբագիր Կարլ Մարկուս Գաուսը (Karl Markus Gauss) Deutsche   Zeitung-ի գրախոսությունում գրում է.«Ոսկանյանը ներկայացնում է քաղաքական գործչի   մի հազվագյուտ դեպք, ում վրա պտտվում են հարցական նշաններ, սակայն նա   անհերքելիորեն կարեւոր գրող է: Նա այնպիսի պոպուլիստական քաղաքական գործիչ չէ,   ով ուզում է հաջողության հասնել նաեւ որպես հեղինակ, այլ իրական գրող, բացառիկ   պատմող, ով իր «Շշուկների մատյանում» պատմում է մի ժողովրդի ասք, որ հալածվել է   բազմաթիվ սերունդներ, մինչ մեր օրերը»:

Իսկ   Շվեյցարիայի ամենամեծ գերմանալեզու պարբերականը` Neue Zurcher Zeitung-ը   ավելացնում է. «Վարուժան Ոսկանյանը մեծ պատմող է, ով ստեղծում է հիշարժան կերպարներ`   20-րդ դարի ողբերգական ընթացքի արտակարգ տեսարաններով»:

«Շշուկների   մատյանը» 2013թ. սեպտեմբերին ներկայացվել էր նաեւ Գյոթեբորգի գրքի տոնավաճառում,   որին ներկա էր նաեւ հեղինակը:

Իսրայելում   վեպն արժանացավ այնքան մեծ ընդունելության, որ երեք ամսվա մեջ ունեցավ երկու   հրատարակություն:

«Այս գիրքն   արժանի է, որ աշխարհի բոլոր գրողների կողմից ներկայացվի գրականության Նոբելյան   մրցանակի,- Թել Ավիվում 2012թ. հոկտեմբերին վեպի ներկայացմանն ասաց Իսրայելի   Գրողների միության նախագահ Հերցել Հակակը:-Այս մրցանակն արժանին կմատուցի   գրողին, ով միաժամանակ հաջողել է ստեղծել ճշմարիտ դասական գրական գործ, ինչպես   նաեւ ցնցող ու կենդանի վկայություն տվել հայ ժողովրդի տառապանքների եւ ցեղասպանության   մասին: Նման մրցանակը աշխարհի խիղճը կբեւեռի այս աղետի վրա եւ խորություն   կհաղորդի այս սարսափելի ոճրագործության ճանաչմանը»:

Թուրքական   հակազդեցություն

Հենց այս   պատճառով վեպը գլխացավանք է դարձել թուրքական իշխանությունների համար, որոնք   բոլոր միջոցներով փորձում են խանգարել դրա թարգմանությունն ու տարածումը:   Կառավարական եւ դիվանագիտական խողովակներով թուրքերը, որոնց վերջերս միացել են   նաեւ ադրբեջանցիները, ճնշումներ են գործադրում տարբեր մայրաքաղաքներում:   Ռումինիայում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նամակով դիմել էր այդ երկրի   իշխանություններին, երբ 2012թ. սեպտեմբերի 21-ին Բուխարեստի թանգարաններից   մեկում «Շշուկների Մատյանի» շուրջ կազմակերպվել էր հանդիպում Վարուժան Ոսկանյանի   հետ: Հայտնի է դարձել, որ դեռեւս 2009թ. Անկարան պաշտոնական միջամտությամբ   փորձել է հակազդել վեպի ռումիներեն հրատարակմանը:

Այնուամենայնիվ,   վեպի գրական արժանիքները եւ ներքին լիցքն այնքան մեծ են, որ Ռումինիայի,   Իսրայելի, ինչպես նաեւ Հայաստանի Գրողների միությունները «Շշուկների մատյանը»   ներկայացրել են 2013թ. Գրականության Նոբելյան մրցանակի: