Armenian Daily Azg ( The Nation): The Book of Whispers is a marveleous masterpiece!
Cotidianul Azg de la Erevan prezinta o ampla si elogioasa recenzie a Cartii soaptelor, sub semnatura lui Varlen Alexanian, in numarul sau din 20 aprilie 2012:
ՎԻՊԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ
ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, հայերեն հրատարակության խմբագիր
Կարծում եմ` ճիշտ ժամանակն է շնորհավորելու հայ ընթերցողին, ում սեղանին առաջիկայում կհայտնվի մի քանի օր առաջ լույս տեսած գեղարվեստական հրաշալի մի գործ` Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը: Այս գիրքն այն հազվադեպ ինքնատիպ գործերից է, որոնք նորից ու նորից կարդալու եւ շարունակ մտորելու առիթներ են տալիս: Վեպում նկարագրված են գրեթե հարյուր տարի առաջ տեղի ունեցած այն անմարդկային իրադարձությունները, որոնց հորձանուտում քաղաքակիրթ համարում ունեցող աշխարհի աչքի առջեւ հայտնվեց հայ ժողովուրդը, ռումինահայության ճակատագիրն ու կյանքը` շաղախված ռումին ժողովրդի պատմության հետ: Վերնագիրն արդեն իսկ ծանուցում է խորհրդավոր անցքերի ու իրադարձությունների, մարդկային ճակատագրերի վերաբերյալ յուրատեսակ գրական-վավերագրական գործի հայտնությունը: Բանն այն է, որ պատումի ձեւը, լինելով վիպական, հիմքում ունենալով, կարելի է ասել, անհավատալի ու անհավանական թվացող այն իրողությունները, որոնք հայ ժողովրդի համար եղան աննկարագրելի ողբերգական եւ անօրինակ ծանր հետեւանքներ ունեցան, անհավատալի ու անհավանական դրվագներ գրեթե չի պարունակում: Բազմաթեմա այս գործը ներառում է նաեւ վավերապատումներ հանրահայտ անձանց ու նրանց շառավիղների մասին, ինչպիսիք են Գրիգոր Զոհրապի որդի, հայտնի գործարար Լեւոն Զոհրապը, Գաբրիել Նորատունկյանի եղբորորդի, ռումինական ֆրանկմասոնության հիմնադիր Միքայել Նորատունկյանը, Ռումինիայում շաքարի արտադրության մենատեր Հարթին Ֆրինկյանն ու փառապանծ նավապետ Օննիկ Թոքատլյանը, զորավար Դրոն ու հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Պալճյանը, Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը, Սողոմոն Թեհլերյանն ու Միսակ Թորլաքյանը, Շահան Նաթալին ու Արմեն Կարոն, Ստեփան Ծաղիկյանն ու «Նեմեսիս» խմբի գործողություններին մասնակցած եւ վրիժառու այլ անձինք: Երդվյալներ ու նվիրյալներ, ովքեր կայացրին ու իրագործեցին թուրքական զինվորական ատյանի իսկ կողմից հեռակա կարգով, թեեւ ձեւականորեն, մահվան դատապարտված` հայ ժողովրդի դահիճներ, երիտթուրքական կառավարության եռապետներ Թալեաթի, Էնվերի, Ջեմալի, նրանց կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրի, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմիի, ինչպես նաեւ Ադրբեջանի վարչապետ Ֆաթալի խան Խոյսկու եւ ներքին գործերի նախարար Բահբուդ (Բեյբուտ) խան Ջիվանշիրի, Բաքվի նահանգապետ Նակաշիձեի ու էլի շատ ու շատ ուրիշ դահիճների արդարացի դատավճիռները` սրբագրելով նաեւ աշխարհի հզորների մեղքերը: Նրանց արդար ցասումը չշրջանցեց նաեւ ծագումով հայ այն ախտակիրներին, ովքեր ոչ միայն կազմեցին եւ երիտթուրքերի պարագլուխներին հանձնեցին ամբողջ հայ մտավորականության ու գործիչների ցուցակը, այլեւ ձերբակալությունների ժամանակ անձամբ ուղեկցեցին ոճրագործներին: Վեպում հիշատակված է դրանցից մեկը` Գրիգոր Զոհրապին անձամբ «համբույրով մատնող» Հարություն (Արթին) Մկրտչյանը: Այլապես, հեղինակը հավանաբար համարել է, որ մեկ վեպի համար, թեկուզ այսքան ծավալուն, ցավի չափաբաժինը շատ ծանր կլինի: Ինչպես տեսնում ենք, այս գրքի «հերոսներ լինելու պատվին են արժանացել» նաեւ բացարձակ չարի գործակալները, թեեւ, իհարկե, չարի ու բարու հավերժական հակադրության վերջնական պատկերն ամբողջացնելու համար հեղինակը չի մոռացել նաեւ ոճրագործությունների սարսափներն ու սահմռկեցուցիչ տեսարանները մինչեւ մահ չմոռացող, ցեղասպանությունից փրկված ու վերապրած անձանց: Դրանց շարքում առաջինը հեղինակի մեծ հայր Կարապետ Ոսկանյանն է, ում վերապահված է այս վեպի գլխավոր հերոսը լինելու իրավունքը, եւ որը, գրառելով իր ժամանակի տարեգրությունը, ասես լռելյայն հանձնարարել է Վարուժանին նոր կյանք հաղորդել այդ բարալիկ տետրին, բարձրաձայնել այն շշուկները, որ վախվորած արտաբերում էին տարեցները` խուսափելով կողմնակի ականջներին հասու ձայներից: Ահա եւ հեղինակի մյուս` «ժամանակներից ու մարդկանցից դուրս» փիլիսոփայությամբ ապրող, մորական կողմից պապը` Սեդրակ Մելիքյանը, ում նախնին` իշխան Մելիքը, թուրքերի դեմ երկար ժամանակ ապստամբելուց հետո ընտանիքով ապաստանել էր Ղարաբաղի լեռներում:
Եվ մյուս թաղականները` նույնպես տարբեր բնակավայրերից մազապուրծ, տարբեր մասնագիտությունների, անհատական գծերի, սակայն, կարելի է անվերապահ ասել, նաեւ միեւնույն կարգի կորուստների տեր ու խորքում միեւնույն անթեղված կսկիծները կրող մարդիկ: Հայեր: Տարբեր ընկալումների ու կողմնորոշումների տեր հասարակ մարդիկ: Երազողներ, որոնց մտորումներն ու առաջարկությունները, հիմնավոր թե անհիմն, ուղղորդված են կորսված հայրենիքը փրկելուն: Այդ մարդիկ նաեւ հեղինակի հայտնագործած հակադրություններն են. մասնագիտական, ուստի եւ մրցակցության հողի վրա կծու եւ միեւնույն ժամանակ մտերմիկ հումորով մշտապես միմյանց խայթելու պատրաստ երկու կոշկակար, նույնքան ժամագործ, քահանան ու ժամկոչը, լուսանկարիչն ու գիտնականը… Մարդիկ, ում իրենց կյանքի ժամանակը ոչ միայն երբեք չժպտաց, այլեւ, էությամբ հրեշավոր այլ մահկանացուների կամոք, շարունակ խոժոռ հայացքով նայեց:
Ազգագրական հսկայական նյութի մեջ, սկսած սուրճ աղալ-եփելու սովորույթից, վերջացրած կենցաղային կարեւոր ու մանր-մունր արարողություններով, առանձնակի տեղ է հատկացված հին ու նոր հանգուցյալների հիշատակման արարողակարգերին եւ, իհարկե, կոտորածների ու գաղթերի ճանապարհներին ճակատագրի անպատեհ բերումով սպանված, հարկադրաբար կամ ինքնակամ Եփրատի հորձանուտն ընտրած եւ անհայտ կորած հարազատների հիշատակմանը: Հաճախ լուռ: Անբառ: Անմռունչ: Ներքին տրտունջով ու հաշտված: Օտար, բայց հարազատ դարձած հողի վրա կյանքը շարունակելու, ազգային արմատները պահպանելու հաստատակամությամբ: Եվ այս ամենը, անցած մանկական այն հայացքի շղարշի միջով, որով միայն կարող են նայել զուգահեռ մի այլ աշխարհում գրեթե նույնական զգացումներ ապրած ուրիշՙ երբեմնի մանուկները: Դրանք մանկության հոտերի, համերի, քունջուպուճախների զգացողություններն են, որ տարիների հետ խունանում, սակայն երբեք չեն մոռացվում:
Ուստի այստեղ, աշխարհագրական առումով Արեւելահայաստան անվանված մեր տարածքում մենք` «Շշուկների մատյանի» ընթերցողներս, խորությամբ զգում ենք արյան կանչը, որովհետեւ նույն ազգի մարդկանց այլ ազգերից տարբերում են ոչ միայն լեզուն ու, լայն առումով, մշակույթը, այլեւ դարավոր ավանդույթների ընդհանրություններն ու սերնդեսերունդ հաջորդաբար փոխանցելու կենսաձեւը: Եվ հայաստանցի ընթերցողի մեջ ակամա հիմնավորվում է միտքը, որ ինքը «Շշուկների մատյանի» հերոսների հետ նույն արյունն ունի: Նույն թթուներն են ու մուրաբաները, նույն բաստուրման, հալվան ու չրերը, օշարակներն ու ձմեռվա նույն պաշարները: Եվ իրենց պապերն ու տատերն էլ նույն դահճի ձեռքով տեղահանվածներն են: Միայն թե սասունցու, մշեցու եւ վանեցու դեպքում փրկվելու համար Ռուսահայաստանն էր ամենամոտը, իսկ տրապիզոնցու, զեյթունցու եւ կիլիկեցու համար` Եվրոպան: Այդուհանդերձ, քանի որ մենք նույն արյունն ունենք, ուստի խնդրում եմ այս ակամա զեղումը համարել «Շշուկների մատյանի» ընթերցողի անխուսափելի տուրքը հեղինակին եւ նրա գրքին:
Այս վեպը տասնյակ պատմություններ է պարունակում, որոնք, միեւնույն սահմռկեցուցիչ իրադարձությունների հետեւանք լինելով, միաժամանակ տարբեր են եւ, կարելի է ասել, անքակտելի մերված են վեպի ընդհանուր օրգանիզմին, սակայն առանձին-առանձին եւս գոյության իրավունք ունեն: Ահա դրանք` իրենց տարօրինակ ճակատագրերի տեր տարօրինակ հերոսներով` Միսակ Թորլաքյան, որը ոճրագործի ձեռքով ավերված իր տան բակում, սպանված 7-ամյա եղբոր համար իր քանդակած փայտե ձիուկը ձեռքին, վրիժառության երդում տվեց եւ 1921-ին Կոստանդնուպոլսում գնդակահարեց Ադրբեջանի այն ժամանակվա ներքին գործերի նախարար Բահբուդ խան Ջիվանշիրին` 1920-ին Բաքվի 30 հազար հայության կոտորածների գլխավոր հրահրողներից ու կազմակերպիչներից մեկին: Զորավար Դրո` 20-րդ դարում հայ ժողովրդի բացառիկ նվիրյալներից մեկը, Բաշ-Ապարանի հերոսը, դեռեւս 1905-ին ադրբեջանական թաթարների կողմից հայերի կոտորածների առջեւ ոչ միայն աչք փակած, այլեւ դրանք քաջալերած Բաքվի նահանգապետ Նակաշիձեին ահաբեկչությամբ վերացնողը: Նույն` մինչեւ կյանքի վերջը երազող, իսկական հակասական կերպար Դրաստամատ Կանայանը, որը ստեղծեց Հայկական լեգեոնը եւ որը հավատում էր գերմանացիների օգնությամբ ռուսական, ապա նաեւ գերմանական տիրապետությունից հայ ժողովրդի փրկության վերաբերյալ իր իսկ հորինած, թեկուզեւ անիրականալի, երազանքին: Ահա նաեւ Հայաստանի փրկության մասին մյուս երազողը` Միքայել Նորատունկյանը, որը հույսը կապում էր ֆրանկմասոնական աջակցության հետ: Մեծանուն գիտնական Հակոբ Սիրունին, ում Ռումինիայից աքսորեցին Սիբիր, հայտնի պատմաբան Տարլեի միջամտությամբ ազատեցին, որպեսզի Երեւանում զբաղվի գիտությամբ, ապա նորից աքսորեցին, քանի որ մեզ հայտնի աշխարհում մինչեւ օրս մատնիչների պակաս չի զգացվում:
Վեպում շատ են այսօրինակ հերոսները, գրեթե բոլորն էլ երազողներ, ում աչքերն այդպես էլ մնացին ռուսներից Ռումինիան ու այնտեղ ապրող եւ, առհասարակ, հայերին ամենեւին էլ ազատագրելու մտադրություն չունեցող ամերիկացիների ճանապարհին: Սակայն, ինչպես հեղինակն է դիպուկ նշում, ամերիկացիների գալը բուռն երազողներից մեկը` Մկրտիչ Չեսլովը, երկար սպասելուց հոգնած, ինքը գնաց նրանց մոտ: Ինչպես նաեւ շատերը, ովքեր չիմանալով, թե որ մեղքի համար, գիտեին միայն, որ համայնավար դարձած Ռումինիայում նրանց ունեզրկում, բանտ ու աքսոր է սպասում: Այս ամենն ընդհանուր առմամբ կազմում է աշխարհում մինչ այդ եղած անցուդարձին տեղյակ, սակայն ապագան միայն ու միայն իրենց ցանկալի հունով ընթանալու պատրաստ տեսնելու երազողների մի համայնք, որտեղ ամեն մեկը թաքուն հույս ունի, որ գուցե ինքը ճիշտ է:
Առանձին տեղ են գրավում պատերազմից հետո Ռումինիայում համայնավարական կարգերի հաստատման, ռումինահայերից շատերի հայրենադարձության եւ 1949-ին բազմաթիվ տեղացիների հետ աքսորի ճանապարհներին նրանցից շատերի հայտնվելու դառը պատմությունները: Եվ, Աստվա՛ծ իմ, միայն այն բանի համա՞ր, որ մարդը սիրում է իր երկիրը եւ ուզում է ապրել իր հողի վրա, իսկ այդ երկրի բռնակալը որոշել է հսկել նաեւ այդ բնական զգացմունքը եւ դրա կրողներով բնակեցնել Ալթայի երկրամասը…
Այս մատյանը քեզ ստիպում է ահով նայել դեպի անցյալը, ինչը միշտ էլ ցավալի է անելը, բայց եթե մի պահ անգամ մտածես, որ ապագայում էլ կարող են լինել իրավիճակներ, երբ մարդկության գոյության, Աստված գիտե, քանի միլիոներորդ տարում քաղաքակիրթ Եվրոպայում, հանուն ինչ-որ խաժամուժի մոլությունները սահմանող գաղափարախոսության, գրքեր են այրվում, մեղմ ասած, հարկ է խնդրել, որ լավատեսները պայծառ գալիքի մասին հեքիաթներ չպատմեն:
Իսկ նախքան այդ… Հարություն Խնդիրյանը, որը համառորեն շարունակում էր ինքն իրեն եւ ուրիշներին համոզել, որ իր արածն անհրաժեշտություն է, քանի որ ինքը կատարում է արդեն վաղուց գոյություն չունեցող Հայաստանի Առաջին Հանրապետության հյուպատոսի պաշտոնը` ձեռքի տակ ունեցած կնիքով այս կամ այն նանսենյանի համար վավերացնելով այլեւս որեւէ մեկին պետք չեկող թղթեր:
Իսկ մինչ այդ… Վարուժանն էլ այս պատմությունը հերթականությամբ չի պատմում: Որովհետեւ կա ապրելու ժամանակ, որն ընդմիջվում է Շշուկների մատյանում շշուկներով պատմված հիշողություններով:
Վավերագրող Վարուժանը փաստերն է ներկայացնում, իսկ գրողը շարադրում է: Վավերագրողը տեղահանված ու երիտթուրքական պետական մեքենայի ծրագրած եւ Դեյր էզ-Զոր տարվող` անմարդկային բոլոր միջոցներով հայ ժողովրդի բնաջնջման ճանապարհին առանձնացնում է յոթ օղակ` յոթ ճամբար, ճիշտ այնքան, որքան Դանթեն է ներկայացնում դժոխքի պարունակները: Սա ամենեւին էլ զուտ խորհրդանշական համադրություն չէ: Ահա դրանք` ՄԱՄՈՒՐԱ, ԻՍԼԱՀԻՅԵ, ԲԱԲ, ՄԵՍՔԵՆԵ, ԴԻՊՍԻ, ՌԱՔՔԱ եւ, վերջապես, ԴԵՅՐ ԷԶ-ԶՈՐ: Սկզբում միմյանց հետեւից քայլող միլիոնավոր մարդկանց շարասյուներն աստիճանաբար հալվեցին, անէացան, սովն ու ծարավն իրենց բաժինը տարան, տիֆը, արնալուծն ու ցուրտը` իրենցը, Եփրատի ջրերը կարմրեցին սպանվածների արյունից, հաճախ խցանվեցին նրա գիրկը կամովին նետված հարս ու աղջիկների դիակներից, երիտթուրքական իշխանավորների թողտվությամբ քրդական ավազակախմբերն ու բանտերից արձակված հրոսակները կողոպտեցին, սպանեցին, լլկեցին, եւ Դեյր էզ-Զոր հասան քչերը:
Այդուհանդերձ, «Նեմեսիս» վրիժառու խմբի ղեկավարներից Արմեն Կարոն Իթթիհաթի` պաշտոնապես մահվան դատապարտված եւ ազատ արձակված ղեկավարների դատավճիռն իրագործողներին հետագայում պիտի պատվիրեր. «Անոնց կիներուն չդիպիք: Ոչ ալ երախաներուն»:
«Շշուկների մատյան»-ը տագնապի ահազանգ է, մարդասիրության, բանականության կոչ, անհանգստություն աշխարհի ու մարդու համար, ուստի, հեղինակն իր տաղանդավոր գործն ավարտում է այսպիսի համամարդկային մտահոգությամբ. «…քանի դեռ աշխարհում վախ է լինելու, Շշուկների մատյանը չի վերջանա: …Հինգ տարի անց Լոս Անջելեսում… գրեթե ութսուն տարեկան մի հայ ծերունի, այսինքն, «Շշուկների մատյան»-ի հետ ծնված, Գուրգեն Յանիկյան անվամբ, ատրճանակի կրակոցներով սպանելու էր թուրք հյուպատոսին ու նրա քարտուղարին: Եվ, որպեսզի այդ դարը` Քրիստոսից հետո քսաներորդը, միայն զարմանքների ու մոլորությունների դար չմնա, այլ նաեւ անհեթեթության, ահա թե ինչպես, «Շշուկների մատյան»-ի հետ միասին, դարը, այն օձի պես, որը կատարյալ օղակ դառնալու համար ինքն իրեն է կլանում, Տրապիզոն է վերադառնում: Այնտեղ, Միսակ Թորլաքյանի ծննդից ճիշտ հարյուր տարի հետո, թուրքական մի ընտանիքում մի տղա էր լույս աշխարհ գալու, որը դեռեւս պատանի եւ ատելությամբ սնված, 2007-ի հունվար 19-ին հայ լրագրող Հրանտ Դինքին էր սպանելու»:
Իհարկե, լրագրային հոդվածի սահմաններում անհնարին է ներկայացնել այս ընդգրկուն վեպը, ուստի, միայն ավելացնենք, որ, ի տարբերություն իր վախվորած ու շշուկներով միմյամց հետ հաղորդակցվող պապերի, Վարուժան Ոսկանյանը կարողացել է աշխարհին հաղորդակից դարձնել այս մատյանում ամփոփված երբեմնի շշուկներին:
«Շշուկների մատյան»-ը թովչական գեղեցկության մի վեպ էՙ հենց ինքնին Պատմությունը:
El Pais, Իսպանիա
Ամենից առաջ Վարուժան Ոսկանյանը հայոց խիղճն էՙ մահից ու վերապրումից հունցված հիշողություն ժառանգած մի գրող:
El Nacional, Վենեսուելա
«Շշուկների մատյան»-ը հազվադեպ գլուխգործոց էՙ վերջին տարիների համաշխարհային գրականության ամենացայտուն եւ արժեքավոր ստեղծագործություններից մեկը:
Haaretz, Իսրայել
«Շշուկների մատյան»-ը 2011 թ. աշնանը Իտալիայում հրատարակված լավագույն գիրքն է:
Corriere dela Sera, Իտալիա
«Շշուկների մատյան»-ը հայ ժողովրդի տառապանքների հիմնը հանդիսացող բացառիկ երկ է:
La Nacion, Արգենտինա